Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա, բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 31,2023 10:54

Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են։ Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումը կազմակերպվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից։

«Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, եւ մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետեւ ասում էին, որ հեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարություններն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի։ Բայց այն փաստը, որ Ժողովրդավարության հայկական ֆորումն առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 եւ ոչ թե 2019 թվականին, բավական խոսուն փաստ է»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Այո, պետք է ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, եւ սա մեր համոզմունքն է, մեր ռազմավարությունն է։ Սա ամենեւին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ, սա գիտակցված քաղաքական կուրս է, որը ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը վարում են։ Այս իմաստով պիտի ընդգծեմ նաեւ, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պետք է բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ ՀՀ-ն նաեւ այս ազատությունների արդյունքն է վայելում։ Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաեւ տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետեւ եթե տնտեսությունը կառավարելի լիներ եւ կառավարվող լիներ պետության կողմից, հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ եւ խորը պրոբլեմներ կունենայինք։ Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաեւ տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար ու վճռական պահին եկավ մեզ օգնության»։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա։ Ըստ նրա՝ ՀՀ ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, այդ վտանգները հանրահայտ են ու բոլորին տեսանելի։ «Բայց կարեւոր է նաեւ, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել եւ պատասխանել թերեւս այսօր Հայաստանում ամենախիտ ու ամենաթանձր հարցին, որը առկա է հանրության շրջանում։ Իսկ հարցը հետեւյալն է՝ արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի՞ է նաեւ ապահովել անվտանգությունը։ Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել։ Եվ ես հույս ունեմ, ինչ-որ տեղ համոզված եմ նաեւ, որ մենք ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ։

Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաեւ հարակից եւ աջակցող շարունակական բրենդներ կունենան, որոնցից մեկը կլինի շարունակական բարձր տնտեսական աճը, երկրորդը՝ խաղաղությունը։ Եվ այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին, որովհետեւ ի վերջո մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունը եւ երջանկությունը։ Սա է այն բարձրագույն նպատակը, որը մեր առաջ դնում ենք, որովհետեւ մեր խնդիրը հետեւյալն է, որ ազատության եւ ժողովրդավարության պայմաններում մարդը ՀՀ-ում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ եւ կարողանա զբաղվել իր սիրած գործով, իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը եւ նաեւ երկրի բարեկեցությունը։ Մեր ընկալմամբ՝ ժողովրդավարությունը սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, եւ մենք պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն»,- հավելեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մի քանի հարց ինքս ինձ (կամ, ինչո՞ւ լրագրողները չեն տալիս նման հարցեր): Ի՞նչ կնաշանակի “Հայաստանում ժողովրդավարությանը ոչ մի ներքին վտանգ չկա…”: Արդյոք վարչապետ կոչեցյալը հայտնում է նաև թե քանի տեսակի և ընդհանուր թվով ինչ “բանակ” է գիշեր-ու-զոր պահպանում ժողովրդավարության ներքին վտանգների իսպառ բացակայությունը: (Գիշեր-ու-զորը հին ժամանակներում վերապահվում էր սահմաններին վերաբերվող նախադասություններին:) Եվ արդյոք դա լավ է, թե վատ: Լավ է, որ ժողովրդավարություն կա: Վատ է որ վտագը իսպառ արմատախիլ է արվել: Մի պարզ պատճառով` ինչ գնով է դա արվում և արդյոք հեղափոխությունը վատ բան է: Ես բերեմ մեկ կենցաղային պատճառ: Անցած տարի խոսքի մեջ հայրը գովեց իր տղայի դպրոցական աշխատանքը. «լավ մաթեմ գիտի, համ էլ գրականություն ա սիրում ` մանավանդ բանաստեղծություններ անգիր անել»: Ես ոգևորված շրջվեցի դեպի տլան (~ 13-14 տարեկան) հարցրի. «ի՞նչ կուզենայիր դառնալ»: Պատասխանեց արնմիջապես. «ոստիկան»: Հիմա դա լավ է թե վատ: Հայրը տեսավ զարմանքս ու բացատրեց. «փողը շատ ա, համ էլ նաղդ ա»: Լավ է, որ հայ ոստիկանը լավ կտիրապետի մաթեմին ու տեղը գալուն բանաստեղծություն էլ կասի (ինչպես նիկոլը, ինչպես Էրդողանը երգում է…): Վատ է, որ հայ մշակույթը ու գիտությունը աղքատանում է` շնորհալի երիտասարդները այլ տեղ են որոնում ապրելու միջոցներ: Պատահակա՞ն է սա թե ոչ: Պատահական չէ` նիկոլին պետք չեն մեծ ձգտումներ ունեցող (բարձր նշաձող) մարդիկ` նրանք կտան դժվար հարցեր ու կպահանջեն պատասխան: Սա համընկնում և պատվիրատուի` Freedom House-ի, USAID, …-իների նպատակներին: Խելացի հայ երեխաները կմեկնեն ու ուժեղացնեն իրենց աշխարհը: Իսկ ինչ կմնա Հայաստանում կանվանենք ժողովրդավարության ու լավ կյանքով ապրող բնակիչների խումբ խաչմերուկային տարածքում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031