Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում է մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար

Մայիս 31,2023 11:05

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատողները մշակում են մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար: Ստեղծվող մեթոդաբանությունը պետք է համահունչ լինի Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին: Մշակվող գործիքը թույլ կտա արձագանքել Հայաստանի տարբեր ջրաբանական տարածքների, գետերի էկոլոգիական վիճակի փոփոխություններին:

«Աղստև գետի ջրավազանի սննդային շղթայի հիմնական բաղադրիչների հետազոտության արդյունքում գրանցվել է ձկների 13, մամուռների 5, ջրիմուռների 3 տեսակ: Բացահայտվել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Դալլաքյանը:

Գիտական խումբը հստակեցրել է Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համապատասխան մի շարք ջրակենսաբանական, ջրաքիմիական և ջրաձևաբանական ցուցանիշներ: Հետազոտության արդյունքներն ամփոփվել են հեղինակավոր «Environmental Monitoring and Assessment (Q2)» ամսագրում տպագրված հոդվածում (Asatryan V., Dallakyan M. (2021). Principles to develop a simplified multimetric index for the assessment of the ecological status of Armenian rivers on example of the Arpa River system. Environmental Monitoring and Assessment 193, 195. IF: 2,513 (2020); DOI: 10.1007/s10661-021-08994-3): Զուգահեռաբար հիմնվել և պարբերաբար լրացվում է ուսումնասիրվող գետավազանների Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) տվյալների շտեմարանը, որը թույլ է տալիս կատարել ստացված արդյունքների տարածական վերլուծություններ և քարտեզագրում: Արդյունքում մշակվել են ԵՄ տիեզերական «Copernicus» ծրագրի շրջանակներում թողարկված «Sentinel-2» արբանյակի նորագույն լուսանկարները և ստացվել են Աղստև և Հրազդան գետավազանների 10մ լուծաչափի հողօգտագործման և հողածածկույթի (LULC) քարտեզները։

Բացահայտվել են Հրազդան և Աղստև գետերի ավազանների հնարավոր բոլոր էտալոնային տարածքները, ինչի արդյունքում «Ecosystem Transformation» միջազգային գրախոսվող հանդեսում լույս է տեսել ևս մեկ աշխատանք (Dallakyan M., Asatryan V. (2021). Studying macrozoobenthos community and assessing the ecological status of the Tandzut River for improving hydrobiological monitoring system in Armenia. Ecosystem Transformation 4 (4), 1–8.):

Ջրակենսաբանական հետազոտությունների արդյունքում մոտ 500 կենդանի ուղարկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ԴՆԹ-շտրիխկոդավորման և կենսաբազմազանության ցուցանիշների հստակեցման, որի ֆինանսավորումն իրականացվել է CaBOL միջազգային ծրագրի շրջանակներում:

Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարինե Դալլաքյանը։ Խմբի անդամներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանը, ավագ գիտաշխատողներ Տիգրան Վարդանյանը և Հերմինե Եփրեմյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Բոշյանը։

Հետազոտություններն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված «Հայաստանի ջրավազանային կառավարման տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով գիտական ծրագրի շրջանակներում:

 ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031