Սանո Տոեմանը, որը Ճապոնիայում հայտնի է որպես սակուրաների պահապան, այգեպան է՝ 15-րդ սերնդի, եւ կառավարում է երկրի քաղաքային այգիները։ Նա օրերս տված մի հարցազրույցում նկարագրել է, թե ինչ ռիսկեր ու բարդություններ է իր մեջ թաքցնում սակուրան։ «Ես հենց սկզբից զգուշացրել եմ, որ Հիրոսիմայում սակուրա աճեցնելը հեշտ չէ։ Հողի մեջ շատ են ավազն ու քարը, որոնք սակուրան լավ չի ընդունում։ Եթե սակուրա եք աճեցնում, պետք է փոխեք հողաշերտը»։ Մեկ այլ դրվագում նա ասում է, որ սակուրաների պատճառով թրթուրներն են բազմանում, եւ թրթուրների գրոհների արդյունքում ոչնչանում են մյուս ծառերը։ Սանո Տոեմայի ղեկավարած ընկերությունը մոտ 70 տեսակի սակուրաներ է աճեցնում Ճապոնիայով մեկ, եւ պարզվում է՝ սակուրաներն այնքան էլ օգտակար բույս չեն, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ առանց այդ էլ միջատներով հարուստ Երեւանի համար, ինչի մասին մեզ ոչ ոք չի զգուշացրել։ Բայց մեզ այլ հանգամանք էլ զարմացրեց։ Սանո Տոեման, որն աշխարհի շատ հայտնի այգիների հեղինակ է, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզյան գրասենյակի այգու, կարելի է ասել, Ճապոնիայի գլխավոր դենդրոլոգն է, ինչպես Արծվի Գրիգորյանը՝ Հայաստանի։ Ի տարբերություն Արծվի Գրիգորյանի, Սանո Տոեման նախեւառաջ մտածում է իր երկրի բույսերի մասին։ Մինչդեռ մեր գլխավոր դենդրոլոգը մտածում է ամեն ինչի՝ տրանսպորտի, ճանապարհների բետոնաշերտի մասին, միայն ոչ բույսերի։
Օրերս Սարալանջում հատված բազմամյա թթենիների վերաբերյալ Արծվի Գրիգորյանը մեր հարցերին պատասխանելով ասել էր, որ դրանք քանդում են ճանապարհի հենապատը եւ խանգարում երթեւեկությանը։ Մասնագետը, որի ուղղակի պարտականությունը պետք է լինի բույսերի պաշտպանությունը, մտածում է շինարարական, տրանսպորտային խնդիրների մասին, բայց ոչ բույսերի։ «Մենք գրություն ենք ստացել, որ այդ ծառերը խանգարում էին երթեւեկությանը»,- ասում է Արծվի Գրիգորյանը եւ դատավճիռ կայացնում․ «Սերտաճած ծառերը, ըստ կառավարության որոշման, պետք է հատվեն»։ Դենդրոլոգը չի ափսոսում ծառերը՝ ամենեւին։ Ասում է, որ դրանք ափսոս չեն, ու մեզ է հարցնում՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու, եթե պատերը քանդվեին։
Խեղճ Երեւանի խեղճ բուսական աշխարհ։ Քաղաքային իշխանությունները թեեւ ամենուր թմբկահարում են, որ ծառեր ու անտառներ են տնկել-աճեցրել, իրականում աննկատ, անաղմուկ ոչնչացնում են քաղաքի ֆլորան։ «Նորքի անտառի սկզբնամասը՝ դեպի հեռուստաաշտարակ, Երեւանյան լճի շրջակայքը, Չարենցի փողոցը, Վ․ Սարգսյան մարզադաշտից մինչեւ Նար-Դոս, Խ. Աբովյանի արձանից մինչեւ Երիտասարդական պալատ՝ ես թվարկեցի էն տարածքները, որոնց ամբողջ երկայնքով կես դար տարիքով թթենիներ էին կանգնած, ու որոնք այլեւս գոյություն չունեն։ Թթենիների մտածված սպանդ է իրականացվել Երեւանում՝ նպատակն անհայտ է։ Բոլոր թվարկածս տարածքներում մանկուց երեխեքով գնում էինք՝ հատուկ թութ ուտելու»,- ասում է էկոակտիվիստ Արտաշես Բաղրամյանը՝ կենդանասերների համույթից։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում