Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեռ վաղ է խոսել կայացած պայմանավորվածության մասին, և հստակ չէ՝ արդյո՞ք Բաքուն ցանկություն և մտադրություն ունի բավարարել Երևանի պահանջները․ «Ամերիկայի Ձայն»

Մայիս 31,2023 10:11

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հետ զրույցում քաղաքագետ Արկադի Դուբնովը հիշեցնում է՝ վերջին շրջանում Փաշինյանը բազմիցս է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման հնարավորության մասին։ Այն սենսացիա չէ։

Դուբնովը շարունակում է՝ Հայաստանի վարչապետը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, ինչն ինքնին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։

Ըստ քաղաքագետի, այդ մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են դեռևս Պրահայում՝ այս տարվա ապրիլին, բայց Փաշինյանն, իհարկե, պայման է դնում հարգել ղարաբաղահայության իրավունքները՝ կարևորելով նրանց անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների առկայությունը, քանի որ վտանգ կա՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղում կարող են սկսվել էթնիկ զտումներ։

Դուբնովը եզրակացնում է՝ պարզ է, որ փոխարենը Բաքուն պարտավորվում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Սակայն լրատվամիջոցները գրում են, թե դատելով մոսկովյան հանդիպման համեստ արդյունքներից՝ դեռ վաղ է խոսել կայացած պայմանավորվածության մասին, և հստակ չէ՝ արդյո՞ք Բաքուն ցանկություն և մտադրություն ունի բավարարել Երևանի պահանջները։

Մյուս կողմից, Հայաստանում ընդդիմությունն ակտիվորեն հանդես է գալիս Փաշինյանի դեմ՝ նրա հայտարարությունները որակելով «ազգային դավաճանություն»՝ շարունակում է Արկադի Դուբնովը։ Սակայն, նրա կարծիքով, Փաշինյանի ընդդիմախոսներն ի վիճակի չեն օրինական ճանապարհով հասնել վարչապետի պաշտոնանկությանը, քանզի նրա կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի, և Փաշինյանի իշխանազրկումը հնարավոր է միայն փողոցային պայքարի՝ ըստ էության, հեղափոխության միջոցով։

Վերլուծաբանի խոսքով, այսօր չկան այն պայմանները, որ կարող են հանգեցնել 2018 թվականի իրադարձություններին, որոնց արդյունքնում վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

Դուբնովն ընդգծում է, թե ընդդիմությունն ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց, և հիշեցնում, որ նման տարբերակն արդեն փորձարկվել է․ «Խոսելով ավելի լայն համատեքստում՝ [կարող ենք ասել, որ] հայերը շատ են հոգնել պատերազմի մշտական սպառնալիքից։ Հետևաբար, Ղարաբաղի անկախության նկատմամբ հետաքրքրությունը (անկախ այն հանգամանքից՝ այն Հայաստանի մաս է, թե ոչ) նկատելիորեն նվազել է հայաստանյան հանրության շրջանում։ Փաշինյանի գործողությունների հիմքում սա է։ Նա անկեղծորեն բացել է բոլոր խաղաքարտերը։ Ուստի, կարծում եմ, որ պետք չէ ակնալել որևէ լուրջ, հատկապես զինված դիմադրություն Փաշինյանին։ Եթե, իհարկե, հաշվի չառնենք իրադարձությունների զարգացման ամենադաժան սցենարները՝ ընդհուպ մինչև վարչապետի ֆիզիկական ոչնչացում»։

Քաղաքագետը շարունակում է՝ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցն, իրոք, օրակարգում է: Դուբնովի կարծիքով, այդ խոսքերը նախևառաջ աղմուկ բարձրացնելու համար են. «Երևանում կարծում են, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր գործառույթները, չի ապահովում հանրապետության անվտանգությունը։ Ավելին, կազմակերպությունը չկարողացավ [անգամ] քաղաքական գնահատական տալ հայաստանյան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի ընդլայնմանը։ Եթե այդպես է, Երևանին այլ ելք չի մնում, քան քննարկել Հայաստանի անվտանգության հարցերն արևմտյան գործընկերների հետ, որոնք ի վիճակի են այս առումով որոշակի երաշխիքներ տալ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031