Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է սննդակարգն ազդում բորբոքման վրա

Մայիս 31,2023 09:30

Սննդային գործոններն ազդում են օրգանիզմի համակարգային, թույլ արտահայտված խրոնիկ բորբոքման վրա տարատեսակ մեխանիզմների միջոցով։
Օրինակ՝ բուսական սննդի՝ լոբազգիների, մրգերի ու բանջարեղենի, ամբողջահատիկ հացահատիկեղենի, կաթնամթերքի գերակշռությամբ դիետան դրական է ազդում բորբոքման բիոմարկերների վրա։ Իսկ կարմիր միսն ու հավկիթը չեզոք ազդեցություն են ցուցաբերում։ Գիտնականները վերջերս դիտարկել են մինչ օրս հայտնի տվյալները՝ պարզելու համար այն մեխանիզմները, որոնք կան սննդային գործոնների ու բորբոքման միջև։

Ներկայումս հետազոտություններ են անցկացվում՝ ուղղված բորբոքման դեպքում սննդային բաղադրամասերի դերի ուսումնասիրությանը։ Սնուցումը բարդ գործընթաց է, որին մասնակցում են տարբեր գործոններ՝ իմունային համակարգը, աղիների միկրոբիոմը, ուղեղի ցիրկադային փուլերը և այլն։

Խրոնիկ, թույլ արտահայտված բորբոքումը կարևոր գործոն է, որը կապված է շատ վիճակների հետ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, ուռուցքի որոշ տեսակները, նյարդաբանական խանգարումները։ Ճարպակալումը որոշիչ դեր ունի խրոնիկ բորբոքման արտահայտման գործում։

Ենթակլինիկական թույլ արտահայտված բորբոքումն ազդում է ինսուլինի նկատմամբ զգայնունակության վրա, ինչը մետաբոլիկ խանգարումների է հանգեցնում։ Դրանից բացի, ինսուլինառեզիստենտականությունը ավելացնում է բորբոքումը՝ հակաբորբոքային և անոթալայնիչ ազդեցությամբ օժտված ինսուլինի պակասի պատճառով։ Հիպերկալորիական վիճակի ընթացքում ճարպերի ավելցուկը կուտակվում է այլ օրգաններում՝ արյունատար անոթներում, լյարդում և կմախքային մկաններում։

Բուսական ծագման մթերքները, ինչպիսիք են ամբողջահատիկավորները, մրգերն ու բանջարեղենը, արժեքավոր են համարվում սննդարարության տեսանկյունից, քանի որ այդ մթերքները մեծ քանակությամբ վիտամիններ, բջջանյութ և ֆիտոքիմիական նյութեր են պարունակում, որոնք ազդում են իմունային համակարգի վրա՝ նվազեցնելով բորբոքումը։

Տարբեր մակրոսննդանյութերը տարբեր կերպ են ազդում բորբոքային վիճակի վրա։ Օրինակ՝ սպիտակուցների, գլյուկոզի ու լիպիդների իզոկալորիական ընդունումը նպաստում է ներբջջային օքսիդացման սթրեսի ինդուկցիային։ Ճարպերը համարվում են բորբոքման ամենաբարձր, իսկ սպիտակուցները՝ ամենացածր ինդուկտորներ։ Ածխաջրերն անհրաժեշտ են իմունային համակարգի զարգացման համար։

Սննդակարգը կարող է հանգեցնել աղիների սուր կամ խրոնիկ միկրոբային մոդիֆիկացիայի՝ արդյունքում խթանելով բորբոքման զարգացումը․ բորբոքման մեդիատորները նպաստում են ՝ քրոնիկ բորբոքման մարկեր համարվող С-ռեակտիվ սպիտակուցի արտադրմանը։

Ինչպես պարզվել է, բուսական մթերքները, լոբազգիները, սոյան և ամբողջահատիկ հացահատիկեղենը չեզոքացնում են С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը, իսկ կաթնամթերքը՝ նվազեցնում այն։ Առողջ սննդակարգը, այդ թվում՝ միջերկրածովյան դիետան այդպիսի ազդեցություն ունեն։

Հակաբորբոքային դիետան ենթադրում է՝

  • կրճատել վերամշակված մթերքների, ռաֆինացված ածխաջրերի, շաքարի, արհեստական քաղցրացուցիչների ու ալկոհոլի օգտագործումը, դրա փոխարեն նախապատվությունը տալով՝
  • մրգերին, հատկապես վառ գունավորում ունեցող հատապտուղներին, բանջարեղենին, մասնավորապես կանաչ տերևավոր տեսակներին, համեմունքներին (քրքում, դարչին), առողջ ճարպերին՝ կոկոսի յուղ, ձիթապտղի յուղ։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բուսակերությունը կամ վեգանների սննդակարգը նվազեցնում է С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը։
Սննդային մանրաթելերով հարուստ սննդի օգտագործումը նվազեցնում է С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը դիաբետ ունեցող մարդկանց շրջանում։ Ճարպերով հարուստ դիետան ավելի մեծ ազդեցություն ունի բորբոքման մակարդակի բարձրացման վրա, քան ածխաջրերով հարուստ սննդակարգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031