Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների Թագավորության դեսպանը Շիրակի մարզի դատարանում երաշխավորեց հայ տղայի համար

Մայիս 31,2023 13:00

Մեղադրող Ա. Մնոյանն առարկել է պաշտպանի միջնորդությանը

2023 թվականի մարտի 14-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում վերսկսվել է «Տարեցների ծեծի գործով» քննությունը: Մենք տեղեկացրել էինք, որ այս գործով անցնում է Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Հոսիեկ Սեւակի Սարկիսյանը («Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար», 2023 թ. մարտի 17, «Առավոտ»):

Օրերս՝ մայիսի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց նիստով քննության առավ Հոսիեկ Սեւակի Սարկիսյանի (լուսանկարում) պաշտպան Արսեն Մկրտչյանի միջնորդությունը՝ պաշտպանյալի սահմանափակումների վրա կիրառված արգելանքը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը՝ դատավոր Հայկ Իսրայելյանը, թույլատրեց նրան մայիսի 25-ից մինչեւ հուլիսի 9-ը ներառյալ մեկնել Նիդեռլանդների Թագավորություն: Դատարանը պարտավորեցրել է Հոսիեկին, դատական նիստին ծանուցված լինելու դեպքում ներկայանալ դատարան: Որոշման մասին տեղեկացվել է երաշխավորներին: Պաշտպանը ներկայացնելով միջնորդությունը, դատարանին հայտնել էր. «Հոսիեկ Սարկիսյանը բնականոն միջավայրից կտրվել է, ներկայումս բնակվում է հյուրանոցում, դժվար է նրան ապրուստի միջոց հայթայթելն ու անձնական կարիքները հոգալը»: Բացի այդ, շեշտվել էր, որ դատական գործընթացների ձգձգման պատճառով սփյուռքահայ երիտասարդը չի կարողանում իր կրթությունը շարունակել, մայրը վատառողջ է, որդին տեւական ժամանակ է, չի կարողանում տեսակցել մոր հետ……Նիդեռլանդների Թագավորության դեսպանն իր խոսքում ասել էր. «Որքանով տեղյակ է՝ իրենց երկրում չկան այնպիսի նորմեր, որոնք կարող են խոչընդոտել Հոսիեկ Սարկիսյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն, դատարանի կողմից նման որոշում կայացնելու դեպքում նա կներկայանա»:

Նշեմ, որ ամբաստանյալներ Տարոն Մանուկյանի, Գոռ Մաթեւոսյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Գեւորգ Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը, Վելիխան Խլղաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները դեռ անփոփոխ են:

Ըստ մեղադրական եզրակացության, 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար ամբաստանյալներից ավտոերթով Երեւան քաղաքից ժամանել են Գյումրի ու ավտոերթը հասել է Գյումրիի Երեւանյան խճուղի 131 հասցում տեղակայված բնակելի շենքի դիմացի կանգառի մոտակայքը, «միացեք մեզ» կոչերին ի պատասխան՝ ավտոերթի մասնակիցների կողմից մի քանի անձանց հասցեին հնչեցվել է վիրավորական արտահայտություն, միմյանց հարվածներ, քաշքշոցներ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031