Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկումներ, կարծիքներ, ցանկություններ՝ Գրքի երեւանյան միջազգային փառատոնի առիթով

Մայիս 31,2023 12:30

Օրերս ավարտվեց ԿԳՄՍՆ-ի՝ 6-րդ անգամ անցկացվող Գրքի երեւանյան միջազգային փառատոնը, որին իրենց մասնակցությունն էին բերել մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից։ Փառատոնային երեք օրերի ընթացքում անցկացվեցին հանդիպումներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, իրենց արտադրանքը ներկայացրին հայաստանյան հրատարակչություններ, գրավաճառներ։ Թանգարաններն ու տուն-թանգարաններն էլ ներկայացրել էին իրենց գիտական ու հրատարակչական գործունեությունը։ Սա հիանալի առիթ էր ոչ միայն գիրք ներկայացնելու, այլեւ գրողների հետ հանդիպելու, զրուցելու, մտքեր փոխանակելու, կարծիքներ հնչեցնելու եւ, ինչու ոչ՝ քննադատություններ լսելու համար։

Փառատոնային օրերին լսեցինք գրողների, թարգմանիչների, հրատարակիչների, գրական գործակալների եւ գրքասերների։ Մեր զրուցակիցները նշեցին, որ Գրքի երեւանյան փառատոնը տարվա ընթացքում միանշանակ սպասված միջոցառում է, բայց նաեւ բարձրաձայնեցին իրենց քննադատությունները, որոնք, մեծ հաշվով, դիտարկումներ են, կարծիքներ, ցանկություններ։

Արմեն Զախարյանը

Ներկայացնենք դրանցից որոշները՝ առավել կրկնվողները.

– Միջազգային փառատոնի անվան տակ իրականում տեսանելի էր միայն ռուս գրողների եւ գրաքննադատ Արմեն Զախարյանի (ՌԴ) մասնակցությունը։

– Անցկացման վայրը փոքր էր, նեղվածք, տոթ, երեկոյան լուսավորությունն էլ՝ թերի, ճնշող։

– Հայ հեղինակներին նվիրված միջոցառումների քանակը սահմանափակ էր։ Եթե այն երեւանյան է, ապա ակնկալվում է, որ շեշտը պետք է դրվի կամ գրքի գլխավոր միջոցառումն ավելի շատ ներկայացնի ժամանակակից հայ գրականությունն ու հեղինակներին։

– Միջոցառումներին ներկա գրքասերները, հիմնականում Սփյուռքից, նեղված էին, որ ռուսերենով հանդիպումները, քննարկումները, անցկացվում են առանց թարգմանության։ Նախատեսված 25 միջոցառումներից 10-ում ներկայացվեցին հայ հեղինակներ, ժամանակակից գրողներից ընդամենը 6-ի մասնակցությամբ։

– Փառատոնային մրցույթի պայմանների համաձայն՝ դիմել էին եւ ճանաչված, եւ սկսնակ գրողներ, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում։ Ի դեպ, սկսնակ գրողների թվում կային դեռ չհրատարակված հեղինակներ։ Լավ կլիներ խրախուսվեին սկսնակները։

– Լավ է, որ ՌԴ-ից հյուրը՝ Արմեն Զախարյանը մեծ դահլիճում էր ելույթ ունենում։ Իսկ մյուս միջոցառումներն անցնում էին փոքր տարածքում, ինչը բավարար չէր ներկաների համար։

– Քանի որ այս փառատոնն ավանդական է, ցանկալի կլիներ, որ այն ունենար հիմնական վայր։ Օրինակ՝ վերջին տարիներին բազմաթիվ նման միջոցառումներ են կազմակերպվել «Երեւան Էքսպո» կենտրոնում, որտեղ շատ հարմարավետ է։

– Գրքի միջազգային փառատոնին հունիսի 1-ից կհաջորդի «Զանգակ» հրատարակչության՝ մանկական գրքի փառատոնը։ Ինտերվալը շատ փոքր է, մի փառատոնից մյուսը «շնչելու ժամանակ չկա». դա կօգներ, որ ավելի շատ այցելուներ լինեին, ի վերջո՝ գիրք վաճառվեր։ Փառատոնին զուգահեռ անցկացվում էր նաեւ EVN report media փառատոնը, որի թիրախը նույնպես գրքասերներն ու ընթերցասերներն են։

– Փառատոնը, որը ֆինանսավորվում է պետության կողմից եւ որի առաջնային շահառուները հրատարակիչներն են, ցանկալի կլիներ մինչեւ միջոցառման մեկնարկը ընդլայնված քննարկում կազմակերպեր ոլորտի մասնագետների, մասնակիցների հետ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներ՝ Գրքի երեւանյան միջազգային փառատոնից։

«Առավոտ» օրաթերթ
30.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031