Այսպիսին է ցանկացած հեղափոխության անխուսափելի տրամաբանական շղթան
20-րդ դարի նշանավոր մտավորականներից մեկը՝ Յուրի Լոտմանը, իր դասախոսություններից մեկում, ներկայացնելով լուսավորության դարաշրջանը, նշում է, որ 1780-90-ական թվականներին Եվրոպայի առաջադեմ մտավորականներն իրենց 18-րդ դարն ընկալում էին որպես մարդկության տառապանքների վերջին դար: Ըստ այդ մտավորականների՝ մարդիկ, որոնք կքած էին սնահավատության եւ նախապաշարումների բեռի տակ, մարդիկ, որոնց ձեռքերն արյունոտված էին նախորդ դարերի անհեթեթ պատերազմներով, վերջապես տեսան բանականության լույսը, եւ քանի որ տեսան, ապա մարդկությունն այդ պահից պիտի վերափոխվեր, միլիոնները գրկախառնվեին սիրո էքստազի մեջ… Այդ երազանքներին, սակայն, հետեւեց ֆրանսիական հեղափոխությունը՝ իր դաժանագույն բռնություններով, իսկ հետո՝ պատերազմը, որը տեւեց 1792 թվականից մինչեւ 1815-ը, եւ աննախադեպ էր իր զոհերի քանակով՝ նախորդ դարերի պատերազմների համեմատ:
Աննախադեպ սպասումներ, աննախադեպ հույսեր, որոնց հետեւեցին նույնքան աննախադեպ զոհեր եւ հիասթափություններ: Մարդկությունն՝ ընդհանրապես, եւ առանձին ազգերը՝ մասնավորապես, բազմիցս անցել են այդ փուլերով: 19-րդ դարի կեսերին Կառլ Մարքսը կանխատեսում էր, որ կապիտալիզմը կդառնա այն վերջին հասարակարգը, որտեղ գոյություն ունի հասարակական անտագոնիզմ: Դրան, ըստ գերմանացի փիլիսոփայի, պիտի հաջորդեր կոմունիզմը, որտեղ այդ հակասությունները պիտի վերանային, եւ ահա այդ ժամանակ, պիտի սկսվեր մարդկության իսկական պատմությունը: 1990-ական թվականներին ազատականները, օրինակ՝ Ֆրենսիս Ֆուկույաման եւ Սթիվեն Փինկերը, կարծում էին, որ իրենց գաղափարախոսությունը «հաղթել է» աշխարհի մասշտաբով, եւ բոլոր ազգերն ու պետությունները վաղ թե ուշ ապրելու են այդ ազատական խաղի կանոններով: Նման մոլորություններն ունեն բավականին հին պատմություն. քրիստոնյաներից շատերը համոզված են, որ Աստծո երկրորդ գալստյանը եւ ահեղ դատաստանին պետք է հավատալ ոչ թե փոխաբերական, այլ՝ ուղիղ իմաստով, եւ լրջորեն պատրաստվում են այդ իրադարձությանը:
20-րդ դարի առաջին կեսի գերմանացի փիլիսոփա Կարլ Մանհայմը, անդրադառնալով գաղափարախոսությունների եւ ուտոպիաների հոգեւոր արմատներին, նշում է, որ այստեղ մեծ դեր է խաղում, այսպես կոչված, «խիլիաստական (կամ՝ միլենարիստական) աշխարհայացքը»: Խիլիազմը (կամ միլենարիզմը) կրոնական մի ուսմունք է, որի համաձայն, աշխարհի վերջին նախորդելու է Քրիստոսի՝ հազար տարի տեւող թագավորությունը: Ըստ Մանհայմի՝ այդ զգացողությունը, որը հատուկ է տարբեր քաղաքական ուսմունքներին եւ ուտոպիաներին, մարդկանց մղում է ոչ միայն սպասել ապագա երանությանը, այլեւ միշտ պատրաստ լինել, որ նման թռիչք կարող է ցանկացած պահի տեղի ունենալ: Մանհայմը գրում է. «Խիլիաստական ուսմունքի համար հեղափոխության արժեքն այն չէ, որ այդ հեղափոխությունն ինչ-որ ռացիոնալ նպատակների հասնելու միջոց է, իրականում դա բեկում է դեպի վաղուց երազած աշխարհը»: «Քանդելու կիրքը ստեղծագործական կիրք է»,-իր դատողությունների վերջում գերմանացի փիլիսոփան մեջբերում է ռուս անարխիստ Բակունինին:
Կարդացեք նաև
Կարծում եմ, 2018 թվականի հայկական հեղափոխության համար այդ դատողությունները նույնպես կիրառելի են: Առաջին հայացքից այն թավշյա էր եւ ոչ բռնի, բայց հետեւանքների առումով՝ դարձյալ արյունալի էր, եւ, ցավոք սրտի, զոհերի ու զրկանքների շղթան դեռեւս չի ավարտվել: Իսկ հիմքում ինչ-որ հրաշքով շողողացող երջանկություն կառուցելու սպասումն էր, երազանքը, ուտոպիան… Եզրակացությունը մեկն է՝ պետք չէ լինել չափից դուրս լավատես, որպեսզի հետագայում խորը հոռետության եւ հիասթափության գիրկը չընկնես:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2023
«2018 թուականի հայկական հեղափոխութիւնը» բաղդատելի չէ՝ որեւէ պատմական մեծ յեղափոխութեան հետ: Հետեւեալ մէկ, հիմնական պատճառով՝
Փաշինյանը վարչապետ դարձնողները, եւ նաեւ անոնք որոնք բաւարար կերպով չարտայայտուեցան այդ «թագադրումին» դէմ, լաւ գիտէին Փաշինյանին ինչ ըլլալը, ով լինելը: Ինչպէս նաեւ իր մօտիկ շրջապատի բազմաթիւ անդամների ով եւ ինչ լինելը. որակը, մակարդակը, գաղափարաբանական հակումները, կարողութիւնները:
Հետեւաբար, Փաշինյանը՝ ոեւէ մէկին չխաբեց: Ոչ մէկին:
Ան որ խաբուեցաւ, ինքզինք խաբեց:
Իսկ լուռ մնացողներն ալ, վախեցան – օգտակար ատենին – հոսանքի դէմ՝ դիրք բռնելէ: Այն կերպով ու չափով որ սկսան պայքարիլ փաշինյանիզմի դէմ, նրա պատճառով տեղի ունեցած Հայոց Աղէտից՝ ետք միայն:
Հետեւաբար, անարդարութեան գագաթնակէտը պիտի լինի, եթէ միմիայն Փաշինյանը հանդիսանայ սոյն Աղէտի միմիակ պատասխանատուն, քաւութեան նոխազը:
Մ. Հայդուկ Շամլեան