Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն առանց դաշնակից չի մնա

Մայիս 31,2023 12:00

Արեւմուտքի «կամակատա՞րը», թե՞ «Պուտինի ընկերը» բաժանումն այն աստիճան էր սրվել Թուրքիայում, որ տպավորություն էր ստեղծվում, թե Թուրքիայում Պուտինի իշխանության պահպանման հարցն է վճռվում:

Մայիսի 28-ին Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ: Գործող նախագահ Էրդողանը ստացավ քվեների 52,1 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու` Քեմալ Քըլըչդարօղլուն, 47,9 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուն քննադատեց, ընտրություններն անվանելով` «ամենաանարդարը Թուրքիայի պատմության ընթացքում» եւ վստահեցրեց, որ կշարունակի «պայքարը հայրենիքում դեմոկրատիայի համար»:

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի վստահության աստիճանն աննախադեպ էր համարվում, եւ այն, որ Էրդողանին առաջին փուլով չէր հաջողվելու հաղթել` չէր կասկածում որեւէ փորձագետ:

Թուրքական նախագահական ընտրությունների քարոզարշավն անցավ բավական ուշագրավ նրբերանգներով: Տպավորություն էր ստեղծվում, որ Էրդողանի վերընտրմամբ` Թուրքիան կկարողանա պահպանել պետության համար կարեւոր արժեքները, իսկ ընդդիմադիր թեկնածուի դեպքում երկրում արտաքին քաղաքական կուրսի շեշտակի փոփոխություններ տեղի կունենան: Իշխանական քարոզչամեքենան հենց այս գիծն էր բռնել` ընդդիմադիր ուժերը բացեիբաց մեղադրվում էին «Արեւմուտքին ծառայելու» մեջ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանը: Նա իր ուղերձում քննադատեց արեւմտյան լրատվամիջոցների կողմից թուրքական ընտրությունների լուսաբանումը` նշելով. «Ինձ ոչնչացնելու նպատակ հետապնդող արեւմտյան լրատվամիջոցները պարտվեցին»: Նա խոստացավ կենտրոնանալ առավել հրատապ խնդիրների վրա, մասնավորապես, պայքարել երկրում վերջին ժամանակաշրջանում գրանցված աննախադեպ սղաճի ծանր հետեւանքների դեմ: Էրդողանը հաղթանակից հետո հայրենակիցներին կոչ է արել միավորվել եւ միասին աշխատել հանուն երկրի բարգավաճման. «Այսօր պարտվողներ չկան, հաղթել են բոլոր 85 միլիոն քաղաքացիները: Հիմա մեզ պետք է միավորվել եւ աշխատել երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրների վրա, մեր երազանքներն իրականություն դարձնել»:

Մայիսի 28-ին քվեարկության արդյունքների մասին տեղեկությունները նոր էին հրապարակվել, Էրդողանին շտապեցին շնորհավորել նախ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Իլհամ Ալիեւը զանգահարել էր Էրդողանին եւ շնորհավորելուց ու հաջողություն մաղթելուց հետո նրան հրավիրել Բաքու:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Report ադրբեջանական լրատվական կայքի թղթակցին դեռ օրեր առաջ հայտնել էր, որ Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր վերընտրվելու դեպքում կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն: Այդպես է միշտ եղել», – ասել է Չավուշօղլուն: Էրդողանն, իր հերթին, շնորհավորել է Ալիեւին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ:

Պուտինը շնորհավորական ուղերձում Էրդողանին` «սիրելի ընկեր» անվանեց եւ նշեց, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Էրդողանի անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցության գործում: «Ընտրություններում հաղթանակը օրինաչափ արդյունքն էր Թուրքիայի նախագահի պաշտոնում ձեր անձնազոհ աշխատանքի, թուրք ժողովրդի աջակցության տեսանելի վկայությունը պետական ինքնիշխանությունը ամրապնդելու եւ ինքնուրույն, անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձեր ջանքերին»,- ասվում էր Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։ «Ուզում եմ հաստատել հրատապ հարցերի շուրջ երկկողմանի, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Մեծ նշանակություն ենք տալիս համատեղ նախագծերի հետեւողական իրականացմանը, նախեւառաջ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման եւ Թուրքիայի տարածքում գազային հաբ ստեղծելու նախագծերին»,- նշվում էր Պուտինի շնորհավորական ուղերձում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ նույնպես շնորհավորեց Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ», – գրել էր Փաշինյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեցին նաեւ Վաշինգտոնից: «Ես անհամբեր սպասում եմ, որ կշարունակենք միասին աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ խնդիրների եւ ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»,- Թվիթերում գրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես Թվիթերում շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիային անվանելով «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից եւ գործընկեր»: «Ես անհամբերությամբ սպասում եմ Թուրքիայի ժողովրդի ընտրած կառավարության հետ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը»,- նշել էր պետքարտուղարը։ Բլինքենը նաեւ բարձր էր գնահատել ընտրողների բարձր մասնակցությունը, «որն արտացոլում է Թուրքիայի ժողովրդավարական վաղեմի ավանդույթը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո շնորհավորեց Ռեջեփ Էրդողանին, դառնալով եվրոպական երկրների առաջնորդներից առաջինը: «Ֆրանսիան եւ Թուրքիան միասին լուծելու հսկայական խնդիրներ ունեն։ Խաղաղության վերադարձ Եվրոպա, մեր եվրատլանտյան դաշինքի ապագան, Միջերկրական ծովը: Նախագահ Էրդողանի հետ, ում ես շնորհավորում եմ վերընտրվելու կապակցությամբ, մենք կշարունակենք առաջ շարժվել»,- Թվիթերում գրել էր Մակրոնը:

Արեւմուտքի թեկնածո՞ւն, թե՞ Ռուսաստանին նախընտրած նախագահը. այս բաժանումը հստակ գծված էր նախընտրական Թուրքիայում: Դատելով ռուսական փորձագիտական շրջանակների, լրատվականների շեշտադրումներից, տելեգրամյան ալիքների հեղինակների հոդվածներից ու մեկնաբանություններից, ՌԴ-ում հստակ միակողմանիորեն հանդես էին գալիս Էրդողանի իշխանության վերընտրության օգտին, հաճախ ու հստակ քննադատելով Քեմալ Քըլըչդարօղլուին:

Թուրքական իշխանությունները առաջ էին մղում` «Թուրքիայի 100-ամյակի» հայեցակարգը, հանրությանը ցուցադրում էին, թե ինչպես են կառուցվում նոր ռազմանավեր, նոր անօդաչուներ եւ ինքնաթիռներ, ավարտին է հասցվում առաջին ատոմակայանի կառուցումը: Էրդողանի թիմը հանրությանը ներկայացնում էր, որ այս ամենը հնարավոր է դարձել բացառապես ի շնորհիվ Էրդողանի անձնուրաց, անձնազոհ ու տքնաջան աշխատանքի: Մինչդեռ Քըլըչդարօղլուն իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում էր որպես բացասական կերպար, որի հաղթանակի պարագայում Թուրքիան կթուլանա, ինչը ըստ նրանց` «Արեւմուտքի երազանքն է»:

Հատկանշական է, որ այսպիսի մեկնաբանությունները նույնությամբ կրկնվում էին ոչ միայն ադրբեջանական մամուլում եւ, այլեւ` ռուսական: Իհարկե, այստեղ որեւէ անսպասելի բան չկա: Պուտինը հատկապես Էրդողանի իշխանության օրոք՝ ակտիվ համագործակցում է Անկարայի հետ, այդ համագործակցությունը տնտեսապես փոխշահավետ է։ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման: Այնպես որ` ամեն ինչ հստակ է ու հասկանալի:

Խիստ ուշագրավ փաստ էր, դեռ նախագահական ընտրությունների առաջին փուլից մի քանի օր առաջ Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրեց Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել էր, որ ռուսները կանգնած են «դավադրությունների եւ կեղծիքների հետեւում»։ «Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», – գրել էր Քըլըչդարօղլուն:

Բազմաթիվ փորձագետներ համոզմունք էին հայտնում, որ Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը լուրջ վտանգ է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի համար: Դեռեւս 2022-ին Քըլըչդարօղլուն Էրդողանին քննադատելիս, նրան եւ նրա մերձավորներին համեմատել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արեւմտյան բանկերում հարստությունները պահող ռուսաստանցի օլիգարխների հետ: Քըլըչդարօղլուն խոստացել է հաղթանակի դեպքում հետեւել հակառուսական պատժամիջոցներին, հզորացնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում եւ վերականգնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:

Այսինքն, հստակ էր, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում Թուրքիան միանալու էր հակառուսական արշավում Արեւմուտքին: Ավելին, փորձագետները հիշեցնում էին նաեւ, որ Քըլըչդարօղլուն դեմ էր թե՛ «Ակկույու» ատոմակայանի եւ թե՛ S-400 հրթիռների գործարքներին: Այս ամենին գումարվեց նախընտրական քարոզարշավի օրերին ընդդիմադիր թեկնածուի քննադատությունն ուղղված ռուսներին, երբ նա ռուսական կողմից պահանջեց չմիջամտել թուրքական ընտրություններին:

Շրջանառվում էր նաեւ կարծիքը, թե Քըլըչդարօղլուն վտանգավոր է Իրանի համար, քանի որ եթե շեշտը դներ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամը լինելու վրա, ապա անխուսափելիորեն կսրեր հարաբերություններն Իրանի հետ: Այսինքն, Քըլըչդարօղլուի ղեկավարած Թուրքիան առանց վարանելու կարող էր միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

Եվ ամենաուշագրավ հանգամանքը. Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը նաեւ սպառնալիք էր համարվում թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար: Սա այն դեպքում, երբ Քըլըչդարօղլուն հստակ սատարել է Բաքվին 44-օրյա պատերազմի ժամանակ, շնորհավորել է Շուշին գրավելու եւ հաղթելու կապակցությամբ: Սակայն պաշտոնական Բաքվի համար տհաճ էր, որ թուրքական ընդդիմությունը քննադատում էր Ալիեւի կառավարման ավտորիտար կառավարումը:

Իսկ Թուրքիայի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավում իսկական թոհուբոհ առաջացրեց այն, որ Քըլըչդարօղլուն առաջարկում էր վերականգնել «Մետաքսի ճանապարհը» մեկ այլ նշանաբանի ներքո՝ «Ո՛չ Արեւմուտք, ո՛չ Արեւելք, դա է Թյուրքական ուղին», եւ ներկայացրել էր ծրագիր, ըստ որի՝ Թուրքիան պետք է տրանսպորտային հաղորդակցություն հաստատի Չինաստանի հետ Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը:

Արեւմուտքի «կամակատա՞րը», թե՞ «Պուտինի ընկերը» բաժանումն այն աստիճան էր սրվել Թուրքիայում, որ տպավորություն էր ստեղծվում, թե Թուրքիայում Պուտինի իշխանության պահպանման հարցն է վճռվում: Սա կարող է առաջին հայացքից չափազանցված գնահատական թվալ, սակայն իրականում, Ռուսաստանում Էրդողանի վերընտրության անհրաժեշտությունը, միանշանակ, «կենաց-մահու» հարց էր դարձել:

Եվ եթե պաշտոնական Մոսկվայի որդեգրած գիծը` Էրդողանին աջակցելու հարցում, միանգամայն հասկանալի ու սպասելի էր, հաշվի առնելով Պուտին-Էրդողան իրապես ջերմ ու ընկերական հարաբերությունները, ապա, մեղմ ասած, ծիծաղելի էր հայկական ազգանուններով տելեգրամյան ալիքներ վարող, տարբեր համացանցային «մտածողների» ուրախության աստիճանը` թուրք ընդդիմադիր թեկնածուի պարտության հարցում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031