Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արեւելք. «Հետք»

Մայիս 30,2023 23:45

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարեւելյան ուղղության Շիկահողի հատվածում, ավելի կոնկրետ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, դեպքը գրանցվել է Ճակատեն եւ Շիկահող գյուղերի միջակայքում՝ Կռնասիխութ սարից ոչ շատ հեռու:

Ճակատեն-Շիկահող հատվածում հակամարտ զորքերի որոշ դիրքեր գտնվում են անտառապատ տեղամասերում, ինչը դիվերսիոն ներթափանցման ժամանակ քողարկման լավ հնարավորություն է ընձեռում:

«Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտարարեց ՊՆ-ն՝ հրապարակելով նաեւ անտառում լքված բեռնատարի լուսանկարներ, որի թափքում երեւում են ջրով լի տարաներ, իսկ վարորդի խցիկում՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:

Կռնասիխութի ուղղության հայկական դիրքերը

Համայնքապետ Գ. Փարսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է, որ միջադեպը գրանցվել է Կապան խոշորացված համայնքի տարածքում, բայց հրաժարվել է որեւէ հստակեցում անել կոնկրետ տեղանքի վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցներում, սակայն, շրջանառվել է Կապանի կազմում ներառված Շիկահող գյուղի անունը: «Ազատություն» ռադիոկայանը, օրինակ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այս գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը լրատվամիջոցին ասել է, որ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ու ենթադրել է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։ Նկատենք, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի տարածքները շրջապատված են «Շիկահող» պետական արգելոցի անտառներով:

«Հետքի» կապանյան աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ենթադրյալ առեւանգումը եղել է Ճակատեն ու Շիկահող գյուղերի միջնամասում՝ Կռնասիխութ (Կռնասիքար) սարի ուղղությամբ: Կռնասիխութն այն սար-տեղամասն է, որտեղ Ճակատենից եկող Մ-17 ավտոմայրուղին բարձրանում է շուրջ 1300 մ բարձրություն ունեցող թմբի վրա, ապա իջնում Շիկահող: Կռնասիխութից Շիկահողը երեւում է ինչպես ափի մեջ: Թմբից մինչեւ գյուղի սկզբնամաս մայրուղու երկարությունը 3,4 կմ է, մեքենայով՝ 5 րոպեի ճանապարհ:

«Հետքն» ուսումնասիրել է Ճակատեն-Շիկահող-Սրաշեն հատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի տեղակայումները: Քանի որ ՀՀ ԶՈւ «ԿամԱԶ-43114» բեռնատարը հայտնաբերվել է հայկական դիրքերի թիկունքային ճանապարհին, ուշադրություն ենք դարձրել առաջապահ դիրքերը թիկունքին կապող այն գրունտային ուղիներին, որոնք անցնում են անտառապատ տեղանքով:

Թե՛ մեր աղբյուրի, թե՛ «Ազատության» հետ զրուցած շիկահողցի Ս. Աղաբեկյանի ներկայացրածը համընկնում է Շիկահող գյուղից հյուսիս-արեւելք գտնվող հայկական հենակետերը թիկունքին կապող գրունտային ճանապարհներին: Ինչպես կարելի է տեսնել «Google Maps»-ում, այդ ճանապարհների հեռավորությունը դեմարկացիա չանցած Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի հարյուր մետր է եւ 1 կմ-ի չի հասնում: Ընդ որում՝ այս հատվածի հայկական հենակետերը մնացած դիրքերից համեմատաբար կտրված են, իսկ թիկունքին կապող ուղիներն անցնում են բավականին խիտ անտառով: Այս եւ դրանցից հարավ-արեւելք գտնվող մյուս հայկական դիրքերից եկող գրունտային ճանապարհները Կռնասիխութի մոտ միանում են Հայաստան-Իրան միջպետական Մ-17 ավտոմայրուղուն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031