Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ, այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ»:
Ուշագրավ է, որ մինչ այդ Անի Գևորգյանի կողմից ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, կազմակերպվել էր դրամահավաք, որի արդյունքում հավաքագրված և դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցը այն վերցրել էր Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:
Այս առնչությամբ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ին պարզաբանեց. «Սա թյուրիմացություն է: Վաղը այս ամբողջը կշտկվի: Ալեն Սիմոնյանը Անի Գեւորգյանից որեւէ պահանջ չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ