Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ նույն ոգով համագործակցության շարունակությունն անհրաժեշտություն է։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ դրա համար կարևոր խթան կհանդիսանա նաև Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր Երևանում։
Կարդացեք նաև
Իր հերթին, ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, և վերահաստատել պատրաստակամությունը՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի օրենսդրության և ստանդարտների բարելավմանն ու առավել արդյունավետ կիրառմանը:
Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ