Ես նկատել եմ, որ շաբաթ օրը բենզինի գները կտրուկ բարձրացել են, ես հետևել եմ, որ համաշխարհային շուկայում գների բարձրացում չի եղել և մեր երկրում էլ տարադրամի փոխարժեքում փոփոխություն չի եղել, ուրեմն ի՞նչն է պատճառը: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր նման հարց տվեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ավտոմատ համակարգով՝ համապատասխան բոլոր կառույցները տեղեկանում են բենզինի շուկայում տեղի ունեցող ցանկացած փոփոխության մասին, եթե գները 5 տոկոսից ավելի են բարձրանում, ուրեմն հայտնվում են Մրցակցության հանձնաժողովի դիտակետում:
«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Եթե անկեղծ լինեմ, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն: Մեր հիմնական 4 տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղվում են ներմուծմամբ և վաճառքով, մենք հիմա փորձում ենք հասկանալ ձեռքբերման գնի և վաճառքի գնի համադրությունը։ Այո, միջազգային շուկայում տեղի է ունեցել բարձրացում, որտեղից մենք ձեռք ենք բերում, հիմնական ծավալը ձեռք ենք բերում Ռուսաստանից։ Ինքնարժեքին տիրապետում ենք, կարող ենք փակ ռեժիմով քննարկմանը ներկայացնել։ Ավելին ասեմ, մեզ համար նույնիսկ այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում, բայց ոչ թե բարձրացման առումով, ուզում եմ դա շատ հստակ ֆիքսել, այլ ընդհակառակը՝ ցածր լինելու առումով»,-ասաց Գևորգյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ