Հայկական ավիափոխադրողների «ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում» հայտնվելը բավականին ծանր հարված էր։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ինչ է արվում ԵՄ՝ հայաստանյանի ավիափոխադրողների նկատմամբ արգելքները վերացնելու ուղղությամբ։
Սանոսյանը վստահեցրեց՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարում․ «Մոտ 41 գործընթաց պետք է կատարել, որպեսզի այդ արգելքի դաշտից դուրս գանք։ Դրանց կեսից ավելին արդեն արվել է, մյուսներն ընթացքի մեջ են։ Այն մասը, որն ավարտել ենք, գործընկերների կողմից ընդունվել է, համարվել է, որ մենք դրանք արել ենք։ Այս տարի ամռանը, առաջիկա երկու ամսում մեծ փորձություն է սպասվում։ Այն առումով է փորձություն սպասվում, որ գործընկերները, ովքեր անընդհատ հետեւում են, թե ինչ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ, իրենք այստեղ մշտական ներկայացուցիչներ ունեն, մեր քաղավիացիայի հետ մշտապես աշխատում են, նաեւ այլ խումբ կգա, եւ մեր ավիաընկերությունները աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը անցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետեւ դրան հաջորդելու է այդ ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա ուղղությունները բացելը։ Հուսանք, որ մեր ընկերությունները մեր քաղավիացիայի հետ ամենայն լրջությամբ կմոտենան այս պրոցեսին»։
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի է հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի ԵՄ արգելքի տակ են, քանի որ եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում եւ մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերվել են թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ