Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն եկեղեցին չպետք է մոմ վաճառի, կամ եթե վաճառվում է, պետք է հարկեր վճարի պետական բյուջե: Փաշինյանը այդ մասին խոսել էր Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին
Սրբազանի ձեւակերպմամբ. «Ինքը (Փաշինյանը-Գ.Հ.) միտումնավոր է անում, որպեսզի ցույց տա, թե իբր եկեղեցու հակառակությունը զուտ տնտեսական եւ ֆինանսական է, շուկայական է: Բայց մենք ե՞րբ ենք խոսել այդ մասին, երբեք էլ չենք խոսել: Թեեւ այդ հարցը կա, գոյություն ունի, բայց այս պահին մեզ համար կարեւոր հարց չէ»:
Շիրակի թեմի առաջնորդն ընդգծեց. «Ինքն ուղղակի ուզում է վնասել եկեղեցուն, որպեսզի տպավորություն լինի, թե եկեղեցին մերկանտիլ, շահադիտական մոտեցումներով ուզում է հարկերից, մաքսերից ազատվել, բայց քանի որ իրենք եկեղեցուն մաքսից, հարկից չեն ազատում, որովհետեւ խիստ օրինապահ են, եկեղեցին դրա համար իրենց քննադատում է»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»։
Կարդացեք նաև
Ըստ վարչապետի՝ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի․ «Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։
Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի:
Այսինքն՝ տալիս ենք երկու տարբերակ՝ կամ պարաֆինը, որից մոմ է պատրաստվում, համապատասխան վճարներով չի գանձվում ու այդ պարագայում դառնում է բարեգործական ապրանք ու մեր եկեղեցիներում մոմը չի վաճառվում, անվճար է տրվում, որն ավելի մեծ եկամուտներ կարող է բերել եկեղեցուն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ գանձանակի տարբերակով ավելի շատ գումարներ են հավաքագրվում, քան ուղղակի վաճառքի տարբերակով։ Կամ մոմի, ինչպես բոլոր իրերի վաճառքը տեղի ունենա ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանից գանձվեն հարկեր, տուրքեր ու ես, կառավարությունն ասում ենք՝ ինչ հավաքագրվում է, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ