Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունում ենք Եվրոպական միության կայուն ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունը հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ծավալմանը. Սլովենիայի ԱԺ նախագահ

Մայիս 30,2023 17:40

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Հարգելիʹ գործընկերներ
Հարգելիʹ տիկին Զուպանչիչ,

Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիկին Զուպանչիչի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում։

Մեր ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել ենք հայ-սլովենական համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և բազմաոլորտ համագործակցության ընդլայնումը:

Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կարծում եմ, որ մեր երկկողմ համագործակցությունն խորանալու մեծ ներուժ ունի:

Մեծապես կարևորվել է Հայաստանի և Սլովենիայի խորհրդարանների միջև համագործակցությունը: Առանձնացվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը:

Ընդգծվել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման տեսանկյունից։

Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-սլովենական տնտեսական համագործակցությանը, ընդգծվել Տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը։

Անդրադարձել եմ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման խնդրին։ Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունն ու անիրավ գործողություններն ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնել տիկին Զուպանչիչին 2022 թվականի հոկտեմբեր ամսին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաներին օժանդակելու համար, ովքեր մասնակցել են «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին։ Ուրախությամբ փաստում եմ, որ հայ երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնման ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։

Հարգելի ներկաներ, ևս մեկ անգամ ողջունում են մեր սլովենացի բարեկամների այցը Հայաստան. հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Սլովենիայի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Շնորհակալություն:

Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հայտարարությունը

Տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով ձեր գեղեցիկ երկիր այցելելու հրավերի համար, որը հայտնի է իր հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ:

Այսօր ես այցելեցի Օսմանյան կայսրության դահիճների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունների հիշատակին նվիրված Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը, պետք է ասեմ, խորապես ցնցեց ինձ։

Սլովենիան բարձր է գնահատում Հայաստանի հետ լավ և բարեկամական հարաբերությունները և ձգտում է առավել ամրապնդել այդ կապերը, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության միջոցով: Նախագահ Սիմոնյանը և ես երկուսս էլ կիսում ենք այդ կարծիքը, և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսօր հանդիպել նրա հետ և քննարկել համագործակցությունը խորհրդարանական ամենաբարձր մակարդակով:

Ուրախ եմ նաև, որ երկու խորհրդարաններում էլ վերականգնվեցին բարեկամական խմբերը: Այս խմբերն առանցքային դեր ունեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Այդ պատճառով այս պաշտոնական այցի ընթացքում ինձ ուղեկցում է Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար պարոն Դին Պրեմիքը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ամրապնդման կարևոր հիմք է Գործընկերային համագործակցության համաձայնագիրը: Այս համաձայնագիրը կարևոր է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման, այդ թվում՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև շարժունակության դյուրացման համար, ինչը հատկապես արժեքավոր է Հայաստանի քաղաքացիների համար:

Սլովենիան և Հայաստանը մի քանի խոշոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի միության անդամ կամ գործընկեր են: Հիշեցնենք, որ Սլովենիան իր թեկնածությունն է առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2024-2025 թվականների ոչ մշտական տեղի համար: Այս համատեքստում ես իմ անկեղծ հույսն եմ հայտնում, որ Հայաստանը հավանություն կտա և կաջակցի մեր թեկնածությանը հունիսի 6-ին կայանալիք ընտրություններում:

ՄԱԿ-ի շրջանակներում Սլովենիան և Հայաստանը միավորում են բազմաթիվ ընդհանուր նպատակներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղությունը և անվտանգությունը, արդյունավետ բազմակողմանիության խթանումը, բնապահպանական խնդիրները և մարդու իրավունքները:

Ինչպես ընդգծել եմ նախագահ Սիմոնյանի հետ իմ հանդիպման ժամանակ, ոչ մշտական անդամ ընտրվելու դեպքում Սլովենիան ակտիվ փոխգործակցություն կունենա յուրաքանչյուր անդամի հետ անհատապես երկխոսության և սերտ համագործակցության միջոցով միջազգային ճգնաժամերին լուծումներ փնտրելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ուշադիր հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս առումով մենք ողջունում ենք Եվրոպական միության կայուն ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ծավալմանը: Մենք կարծում ենք, որ այս առաքելությունը կնպաստի բնակչության անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և ներգրավված կողմերի միջև վստահության ամրապնդմանը:

Նախագահ Սիմոնյան, մեկ անգամ ևս իմ սրտագին երախտագիտությունն եմ հայտնում ձեր ջերմ ընդունելության համար: Ես վստահ եմ, որ մեր հանդիպումն էլ ավելի կխորացնի մեր երկրների միջև առանց այն էլ դրական հարաբերությունները, և ես շատ անհամբեր սպասում եմ Հանրապետության Նախագահի, վարչապետի հետ հանդիպմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031