«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ` մայիսի 29-ին տեղի ունեցան Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղի ուժային մարզաձևերի ակումբի և Հայփոստի Ոսկեվանի բաժանմունքի բացման միջոցառումները:
«Մենք մեր գյուղերում շատ տաղանդավոր երեխաներ ունենք, նրանց մեջ քիչ չեն ապագա չեմպիոնները: Թեպետ հարակից գյուղերում կան որոշակի փոքրիկ խմբակներ, սակայն ուժային մարզաձևերին համապատասխան ակումբ մոտ 30 տարի չենք ունեցել: Մարզական ակումբ կհաճախեն նաև հարևան Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս և Ջուջևան գյուղերի երիտասարդները»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը:
Ոսկեվանի ուժային մարզաձևերի (ծանրամարտ, եռամարտ, գիր, կուլտուրիզմ, ձեռքի ուժ) ակումբը հիմնադրվել է 2023թ-ին «Տավուշ» միջազգային հայրենակցական միության, Համբուրգից բարերար Սերժ Անգելյանի, երգիչ Արտակ Ստեփանյանի, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
Նշենք, որ տեղի ունեցավ նաև Հայփոստի Ոսկեվանի բաժանմունքի բացման արարողությունը, որը փակվել էր շուրջ 3 տարի առաջ: Սահմանամերձ գյուղի բնակիչներն այսուհետ իրենց թոշակները և նամակները ստանալու համար չեն հասնի հարևան գյուղեր:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` «Տավուշ» միջազգային հայրենակցական միության