Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել. Բադասյան

Մայիս 30,2023 17:15

Ճշտված պլանը և փաստացի կատարողականը կազմել է մեկ տրիլիոն 926 միլիարդ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է, հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնացել է նույնը շուրջ 22,7 հարաբերակցությունը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ պլանավորվածից ավելի քիչ մաքսատուրք ենք ստացել ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցրեց, թե հնարավո՞ր չէ արդյոք ավելի պարզեցնել ավտոմեքենաների ներմուծման-արտահանման ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը: ՊԵԿ նախագահը համաձայնեց պատգամավորի այն տեսակետին, թե ԱԱՀ վերադարձի հետ խնդիրներ կան, բայց միաժամանակ նշեց, որ ՊԵԿ-ի բացահայտումներով քրեական գործեր են հարուցվել։

Նրա խոսքով, Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։

«Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, իրականում հանդես գալով որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ–ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի` ինքը վերադարձի իրավունք ունի։ Բայց իրականում մեքենայի համար վճարել է ֆիզիկական անձը, ինքը ի սկզբանե գինը պայմանավորվել է, և կարելի է ասել` կեղծ գործարքների շարան ունենք` ներմուծման, այնուհետև վաճառքի ձևակերպման կամ արտահանման»,– ասաց Բադասյանը։

Նման կեղծ գործարքներից խուսափելու համար, ՊԵԿ նախագահի խոսքով, կառավարությունում մտածում են օրենսդրական նոր կարգավորումների մասին, որոնց միջոցով ֆիզիկական անձին կխրախուսեն (չնայած մաքսատուրքի մեծ չափին), որ ավտոմեքենան հենց իր անունով ներմուծի` չօգտվելով կասկածելի միջնորդների ծառայություններից։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031