Մեր արբանյակից ինչո՞վ կուրախացնեք, արդարացե՞լ են այն ներդրումները, որ կատարվել են, արդյոք այդ ամենը էժան գնով հնարավո՞ր չէր ձեռք բերել: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր նման հարց տվեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
«Ես կարծում եմ, որ մեկ տարվա մեջ ասել, որ այդ ներդրումն արդարացված է, կամ այդ ներդրումն ամբողջությամբ մենք հետ կբերենք, իրատեսական չէ»,– պատասխանեց ԲՏԱ նախարարը:
Նրա խոսքով, արբանյակի թողարկումից հետո նորմալ ընթանում են աշխատանքները կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի ուղղությամբ: Կառավարման կենտրոնն արդեն լիարժեք կահավորված է, բայց պաշտոնապես դեռ չի բացվել։
«Մենք բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառվում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, հիմա այդ թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,– ասաց Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու համար տեխնիկական ապահովությունից բացի՝ իրականացվում են նաև կադրերի վերապատրաստումներ։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ