Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կենսաթոշակային ֆոնդերի լիազորություններում փոփոխություններ է նախատեսում

Մայիս 30,2023 16:42

Կենսաթոշակային հիմնադրամները, որոնք ՀՀ քաղաքացիներից պարտադիր գումար են գանձում, հայկական ո՞ր ընկերություններում են ներդրում կատարել։ Այսօր այս մասին ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք ֆոնդերն այդ գումարը Հայաստանո՞ւմ են ծախսում, որքա՞ն են կազմում այս պահին մեր հայրենակիցների խնայողությունները․ «Վերջին թվերով բացասական էին, եթե խոշոր ներդրողները մինուսով են աշխատում, ճի՞շտ է մարդկանց առաջարկել իրենց ներդրումներն անել ինստիտուցիոնալ ներդրողների փայերը գնելով»։

Վահան Քերոբյանն այս առնչությամբ ասաց, որ կենսաթոշակային ֆոնդերը դեռեւս շատ փոքր ներդրումներ են անում, նրանք իրավունք էլ չունեն ուղիղ ներդրումներ անել ընկերություններում։ Նախարարն ասաց, որ հիմա ԿԲ-ի հետ փոխում են կարգավորումները, եւ եթե կառավարությունը հաստատի, ապա այդ ֆոնդերը հնարավորություն կունենան նաեւ ուղիղ ներդրումներ անել ընկերություններում։

«Այս պահին այդ ֆոնդերի հնարավորությունները սահմանափակված են բանկերին վարկեր, ավանդներ տրամադրելով, պետական պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելու եւ այլ մասնավոր ներդրումային ֆոնդերի մեջ ներդրումներ կատարելու գործիքների շրջանակով, ֆոնդային բորսայում համապատասխան ռեյտինգ ունեցող պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելով։ Կարծում եմ, որ շուտով շրջանակը կընդլայնվի։ Գիտեմ, որ ֆոնդերը եւս շտապում են նաեւ իրական հատվածներում ներդրումներ կատարել, որովհետեւ այսօր այն սահմանաչափերը, որ դրված են նրանց առջեւ համարյա ամբողջությամբ լրացված են, եւ նրանց անհրաժեշտ են նոր ուղղություններ տեղական շուկայում ներդրումներ կատարելու համար»։

Ֆոնդերի եկամտաբերության մասին էլ նախարարն ասաց՝ բնական է, որ այդ ֆոնդերում գումարներ կուտակող մարդիկ պետք է դժգոհ լինեն դրանց եկամտաբերությունից․«Բայց, ինչպես մեր Կենտրոնական բանկի գործընկերներն են սիրում ասել՝ կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ներդրումներ են, չնայած իրենք իրական հատվածից պահանջում են եկամտաբեր լինել ամեն օր։ Համբերատար բոլորս սպասում ենք այդ ֆոնդերի եկամտաբերության լավացմանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031