Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Քրեական ոստիկանության ստորաբաժանումները կձեւավորվեն բաց մրցույթով, ինչպես պարեկային ոստիկանությունը․ կառավարության նախագիծը

Մայիս 30,2023 16:31

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց կառավարության ներկայացրած «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Արփինե Սարգսյան

Հիմնական զեկուցող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը։ «Օրենքի նախագիծը վերաբերում է ոստիկանության համակարգում շատ կարեւոր բովանդակային եւ կառուցվածքային փոփոխության։ Որոշում կայացվեց ունենալ հետեւյալ տրամաբանությունը՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կենտրոնական ապարատում, մարզային մակարդակում՝ ուղղաձիգ ենթակայությամբ ստորաբաժանումներ, ինչպես նույն Պարեկային ծառայությունը, որն այս պահի դրությամբ արդեն իսկ այդ ռեժիմով է աշխատում, նույն համայնքային ոստիկանությունը, նույն նաեւ գվարդիան։ Պարզապես նախատեսում ենք, որ գվարդիան ամեն մարզում չունենանք, այլ երեք հատվածի բաժանենք հանրապետությունում։ Քրեական ոստիկանության մասով, երբ ձեւավորումը լինի, ոստիկանության մարզային վարչությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը եւ կլուծարվեն։ Առաջարկում ենք հետեւյալ տրամաբանությամբ լուծում ունենալ՝ տարածքային քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձեւավորման բաց մրցույթ եւ պարեկային ծառայության օրինակով կադրերի համալրում՝ բացառապես նախնական մասնագիտական կրթական խողովակով անցնելու պայմաններում։ Այսինքն՝ կհայտարարենք բաց մրցույթ, մեր մյուս քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանական համակարգի կադրերը կկարողանան դիմել եւ հատուկ պատրաստման պրոցեսն անցնելուց հետո նշանակվել մարզային մակարդակում քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանման կազմում։ Սա թույլ կտա ունենալ նոր թարմ շունչ քրեական ոստիկանության կտրվածքով եւս, որովհետեւ հատկապես սպեցիֆիկ հանցակազմերի դեպքում, օրինակ, կիբերհանցագործության, կարիք ունենք նեղ մասնագիտացում ունեցող օպերատիվ աշխատանք իրականացնող աշխատակիցների, որոնք այս պահի դրությամբ շատ չեն ոստիկանության համակարգում»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս ստորաբաժանման ձեւավորմամբ այլ ստորաբաժանումներից կադրերի արտահոսք չի լինի, քանի որ այնպիսի չափանիշներ են դրվել, որ այդ խնդիրը չլինի։ «Եթե պարեկային ոստիկանությունում կարող ես աշխատանքի անցնել միջնակարգ կրթության պայմաններում, քրեական ոստիկանությունում կարող ես աշխատանքի անցնել, եթե բացառապես ունես բակալավրի աստիճան։ Այսինքն՝ ինչ-որ մի կրիտերիա մենք սահմանել ենք, որպեսզի դրանից հետո նոր մարդիկ կարողանան դիմել աշխատանքի անցնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ղեկավար կազմը եւս մրցույթով կընտրվի։ Նախատեսվում է ծրագիրը սկսել հոկտեմբերի 1-ից։

Ոստիկանության մյուս ստորաբաժանումներ էլ, որտեղ մրցույթ չի լինի, ըստ Արփինե Սարգսյանի, ատեստավորում կանցկացվի, որպեսզի պաշտոնների լինեն այն անձինք, ովքեր համապատասխանում են մասնագիտական չափանիշներին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031