ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը փողերի լվացման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է կալանավորվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Մհեր Հակոբյանը: Թե ինչքան գումարի լվացման, որտեղ ու ինչ ժամանակահատվածում լվանալու մասին է խոսքը, այս ու գործին առնչվող այլ հարցերի մասին փաստաբանը տեղեկություն չտրամադրեց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով:
Պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Ինչքան քրեական գործ նրա նկատմամբ հարուցվել է, մեղադրանք առաջադրվել, ոչ մի գործով էլ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, այս մեկով՝ նույնպես»,- ասաց փաստաբանը:
Իսկ վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունն ու դատարանի որոշումը Ղազարյանի պաշտպանը համարում է ոչ իրավաչափ ու պատրաստվում է այն բողոքարկել առաջիկա օրերին:
Մհեր Հակոբյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե Վաչագան Ղազարյանը, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետն՝ արդյոք այսքան հաճախ կհայտնվե՞ր իրավապահների տեսադաշտում։ Ասաց հարցի պատասխանը կվնասի իր վստահորդի շահերին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր նաեւ 2018 թվականին ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեղադրանքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ