«Առեւտրային ներկայացուցիչների վրա ահագին բյուջե է ծախսվում, բազմաթիվ անգամ, երբ Լարսում խնդիրներ են լինում, ֆուռերի վարորդները զանգում են, բողոքում են ԱԳՆ-ից, դեսպանությունից, բայց առեւտրային ներկայացուցչին ոչ մեկը չի էլ հիշում։ Այդ խնդիրների ժամանակ ի՞նչ ներգրավվածություն է ունենում առեւտրային ներկայացուցիչը»,-այսօր ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան՝ նախարար Քերոբյանն ասաց, որ նախարարությունը գործող առեւտրային ընդամենը երկու ներկայացուցիչ ունի, մեկը՝ Իրանում, մյուսը՝ ԱՀԿ-ում, իսկ Վերին Լարսում մաքսային ներկայացուցիչ է․ «Առեւտրային ներկայացուցիչների թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում, որոնք հիմա զգուշությամբ լրացնում ենք, որովհետեւ շատ կարեւոր է, որ այն մարդիկ, որոնք նշանակվում են, լինեն արդյունքներին միտված։ Իրանի հետ հարաբերությունները լավ են զարգանում, մեր առեւտրային շրջանառությունը կրկնապատկվել է առեւտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում։ Կարծում եմ, որ դա լավ ցուցանիշ է։ Կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առեւտուրն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ, դրանք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ են»։
Նախարարն ասաց, որ այժմ ծրագրում են Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում նշանակել առեւտրային ներկայացուցիչներ եւ զարգացնել առեւտրաշրջանառությունն այդ երկրների հետ։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց՝ հիմնական առեւտրային գործընկեր երկրում չունենալ ներկայացուցիչ, որտեղ այդքան շատ խնդիրներ ենք ունենում, ճիշտ չէ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ