Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում խոշոր ներդրումային ծրագրերից մեկից իսրայելական ընկերությունը հետքայլ է արել, Գյումրու չոր նավահանգիստն, ըստ Քերոբյանի, հաջողությամբ առաջ կգնա

Մայիս 30,2023 15:32

ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադառնալով ներդրումային խոշոր ծրագրերին, ասաց, որ նույնիսկ լավ հիմնավորված ծրագրերի համար ֆիննախը միջոցներ չի տրամադրում։ Նա նշեց, որ այդ դեպքում այլ ռեսուրսներ են փնտրում եւ օրինակ բերեց Գյումրու չոր նավահանգստի ծրագիրը եւ Արարատի մարզի արդյունաբերական պարկի ծրագրերը, որոնք փորձում են իրականացնել հանրային ներդրումային կոմիտեի միջոցով։

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանի հարցին՝ ո՞ր փուլում է Գյումրու չոր նավահանգստի ծրագիրը, Քերոբյանը պատասխանեց՝ կա մրցույթի հաղթող՝ ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծություն իրականացնելու համար, հոլանդական հանրահայտ ընկերություն է։ Անունը նախարարը չնշեց, ասաց, որ առաջիկա երեկու-երեք ամիսներին ընկերությունը պետք է պատասխանի գլխավոր հարցերին՝ արդյոք Գյումրու չոր նավահանգստի եւ արդյունաբերական պարկի ծրագրերում հնարավոր ներդրումներն արդարացված կլինեն։

«Նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ գրավիչ ներդրումներ են։ Այն հետաքրքրությունը, որ այսօր ձեւավորվում է հնարավոր նախագծի շուրջ եւ ստրատեգիական, մասնագիտացված ընկերությունները, որոնք ուսումնասիրում են փաստաթղթերի փաթեթը, եւ դրական արձագանք են տալիս, թույլ են տալիս ենթադրել, որ գործընթացը հաջողությամբ առաջ կընթանա։ Բայց ժամանակից առաջ չընկնենք, կամուրջը անցնենք, երբ կհասնենք կամրջին»,-պատասխանեց Քերոբյանը։

Վահան Քերոբյան

Նախարարի ներկայացմամբ՝ մյուսը «Եվրոլոջիսթիքս պարկ» ընկերությունն է․ «Իսրայելական արմատներով ընկերություն էր, որը տարբեր գործոններով, գուցե քովիդն էր, պատերազմը, ընկերությունը հետ կանգնեց իր ներդրումային պլանից։ Իրենք ցանկություն հայտնեցին երկարացնել ներդրումային ծրագրի ժամանակահատվածը, եւ առաջ գնալ, բայց կառավարությունը կշռեց հաջողության հավանականությունը եւ որոշեցինք չերկարացնել ժամանակահատվածը։ Այդ ծրագրի ներքո բավական մեծ արտոնություններ էինք տալիս, այդ թվում՝ էքսկլյուզիվության, տարածքի առումով։ Որոշեցինք ղեկը մեր ձեռքը վերցնել եւ այդ ծրագիրը ինքներս առաջ տանենք»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031