ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Ի՞նչ խնդիր ենք լուծում, լուծում ենք խնդիր, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որը կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի, այդ թվում՝ նաեւ իգական սեռի ներկայացուցիչների միջոցով։ Այո, մենք այսօր ունենք պատրաստված մարտիկներ, ունենք պայմանագրայիններ, որոնք իրենց մարտունակությամբ չեն զիջում նաեւ տղամարդկանց, բայց ունենք նաեւ շատ պայմանագրայիններ, որոնց միայն անունն է պայմանագրային։ Թող ներեն ինձ բոլոր այն կանայք, ովքեր իմ պատկերացրած կին զինծառայողի տրամաբանության մեջ չեն մտնում։ Այստեղ խոսքը գլխաքանակի մասին չէ, խոսքն այն մասին, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ։ Այս ծրագիրը դրա մասին է, վեցամսյա պատրաստվածությունը կին զինծառայողից զինվոր ստանալն է»։
Ըստ նախարարի՝ իրենք խոսում են Զինված ուժերում կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում ունենալու, մարտական հերթապահություն իրականացնելու հնարավորության մասին։ «Բայց դրա համար նախ պետք է հասկանանք՝ կա արդյոք այդ ցանկությունը, կա՞ արդյոք այդ ռեսուրսը։ Եվ սա դրա մասին է, մենք հնարավորություն ենք ընձեռնում, հարթակ են ստեղծում, որի արձագանքը տեսնելով՝ կպլանավորենք մեր հետագա գործողությունները։ Ես վստահ եմ, որ արձագանքը լինելու է շատ ակտիվ, ունենալու ենք շատ ակտիվ զինծառայողներ։ Սրա մասին է մեր նախագիծը, եւ, կարծում եմ, որպես հետագա պլանների իրականացման նախերգանք՝ այն շատ կարեւոր է, եւ, այո, հեղափոխական է»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ