Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալիեւը փորձում է համախոհներ գնել Արցախում, ինչպիսիք արդեն ունի Երեւանում». թուրքագետ

Մայիս 30,2023 15:06

«Ալիեւի՝ վերջին շրջանում առաջ քաշած պահանջների տրամաբանական բացատրությունը միանշանակ կապ ունի այսօրվա ոչ հայկական կառավարության հետ: Մասնավորապես, 2021թ վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի կողմից վարած առաջինը՝ արտաքին քաղաքականության՝ Արցախից հրաժարվելու մարտավարությունն է, երկրորդը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին Հայաստանի պետական եւ ազգային շահի ստորադասումը արտաքին ուժերի, թեկուզ Թուրքիայի շահի սպասարկման պահանջի հիման վրա»,-«Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով. «Ալիեւի կողմից՝ Արցախի իշխանությունը ցրելու պահանջները միշտ եղել են, ուղղակի դրանց ինտենսիվությունը եւ դոզավորումն ավելի սակավ է եղել մինչեւ 2018-ը: Ավելի խիստ պահանջներ են հնչել հատկապես 2021թվականից հետո, երբ Փաշինյանը վերընտրվել է Հայաստանի՝ ոչ բարով վարչապետ: Ինչ վերաբերվում է Ալիեւի ընդհանուր մարտավարությանը, ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ սրան է տանելու: Սա ազդակներից ամենավտանգավորներից մեկն է, որը կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ամբողջ արցախահայությանը»:

Գառնիկ Դավթյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի. «Լավ գիտենք, որ ռուս խաղաղապահների առկայությունը Արցախում էականորեն հնարավորություն չի տալիս Ադրբեջանին ուղիղ ռազմական գործողություններ սկսելու, եւ Ադրբեջանին այլ բան չի մնում, քան Արցախը ներսից կազմաքանդելը եւ այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ համախմբում տեղի չունենա: Ընդ որում՝ կապ չունի, թե որ ուժերն ու հետ կհամախմբվեն: Կա այստեղ երկու հնարավոր սցենար:

Առաջինն այն է, որ Ալիեւը փորձում է հասարակության մոտ բլոկադայով, անընդհատ կրակելով, գյուղացիների գյուղատնտեսական աշխատանքները խանգարելով դժգոհություն առաջացնել հասարակության մեջ, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները տնտեսական լուրջ խնդիրների պատճառով ու հոգեբանական ճնշման ներքո անհնազանդություն հայտնեն կամ չընդունեն Արայիկ Հարությունյանի նախագահ լինելը, որքան էլ դա այսօրվա դրությամբ մեզ ձեռնտու չէ: Ալիեւն ամեն ինչ անում է, որ ցույցեր ու բողոքի գործողություններ սկսվեն, եւ պատահական չէր վերջին շրջանում օրենքի փոփոխությունը՝ ռազմական դրության մասով:

Երկրորդն այն է, որ Ալիեւը փորձում է համախոհներ գտնել, ինչպիսիք արդեն ունի Հայաստանում: Նա ցանկանում է Արցախում տեսնել այնպիսի մարդկանց, որոնք հայտարարել են կամ հայտարարում են, որ պետք է ուղիղ բանակցել ադրբեջանցիների հետ, երկխոսել, շահագործման հանձնել բնական պաշարներն ու ջրային ռեսուրսները, այսինքն` Ադրբեջանն ուզում է ունենալ «ֆավորիտ» գործիչ, որը կփորձի քիչ թե շատ փոխել իրականությունն Արցախում հօգուտ Ադրբեջանի:

Դրանցից մեկի մասին շատերս ենք լսել: Սամվել Բաբայանն է այդ անձը՝ Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու եւ իրենց հետ առեւտուր անելու քաղաքական գործիչը, որը 2020թ պատերազմի պարտությունից հետո ոչ միայն հրաժարվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, այլեւ բոլոր պետական պարգեւներից: Եվ դա արեց այն ժամանակ, երբ Արցախը կոլապսի մեջ էր, հայաթափված եւ շատ վատ վիճակում»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031