Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական ​​դիրքորոշումներից և ձգտել երկխոսության: Խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը»

Մայիս 30,2023 15:17

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Բաքվի երկխոսությունը «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի» հետ:

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ, այժմ չափազանց կարևոր է։ Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական ​​դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը անմիջապես չեն լավանում։ Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,-թվիթերյան գրառմամբ նշել է Շառլ Միշելը:

Մեկ այլ թվիթում Շառլ Միշելը գրել է, որ անհամբերությամբ սպասում է Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկմանը հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ:

«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջընթացի հասնել սահմանազատման, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- գրել է նա:

ԵՄ խոսնակի հայտարարությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է, ինչը Եվրամիությունը ողջունում է։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական թափը և խուսափել քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած` խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո, մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ առաջնորդների հանդիպումը՝ հունիսի 1-ին Մոլդովայի Հանրապետության Քիշնևում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։

Բրյուսելում նրանք կենտրոնացել են մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, կապը, մարդասիրական խնդիրները և նախկին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86,600 քառ կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Մենք ողջունում ենք մայիսի 22-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը և երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։

Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու, բարեխղճորեն ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումների հասնելու համար:

Չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի դժգոհություններին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով։

ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031