10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար, հիմա այդ 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար։ Այս մասին այսօր ԱԺ-ի տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա ասաց, որ այժմ ուսումնասիրում են առաջին եռամսյակի արդյունքները, թե Հայաստան այցելելիս որքան գումար է ծախսել 1 զբոսաշրջիկը:
Նախարարի ներկայացմամբ՝ 2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35%-ով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից․ «Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով Հայաստանը 2023-ին կլինի ռեկորդային տարի, եթե լուրջ խոչընդոտներ չլինեն»:
Նիստում տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ծրագրերի ֆինանսավորման մասին հարց ուղղեց, հետաքրքրվեց՝ գերատեսչությունները մշտապես բողոքում են ֆինանսների նախարարությունից, բողոքում են, որ բավարար ֆինանսավորում իրենց ծրագրերի համար չի հատկացվում, կա՞ նման դեպք, երբ իրատեսական եւ հեռանկարային ծրագիրը չի ֆինանսավորվում ֆինանսների բացակայության պատճառով։
Ի պատասխան՝ Քերոբյանն ասաց՝ բնականաբար, կան մշտական քննարկումներ, երբեմն լինում է, որ որեւէ ծրագիր չի հաստատվում՝ նույնիսկ լավ հիմնավորված լինելու դեպքում՝ հաշվի առնելով առաջնահերթություններն ու բյուջետային սահմանափակումները․ «Մենք հաճախ ենք խոսում ֆինանսների նախարարի հետ, թե ինչպես կարելի է բարելավել բյուջետային գործընթացը, որպեսզի ի վերջո ունենանք ավելի շատ նախագծեր, որոնք ընդգրկված են կառավարության ծրագրերում եւ գտնվում են «Բահը պատրաստ» վիճակում, որ կարող է ցանկացած պահի, երբ ֆինանսական ռեսուրսների հնարավորություն կա, մտնել իրագործման փուլ։ Այդտեղ պոտենցիալ տեսնում ենք, որ կարող է բյուջետային գործընթացն ավելի լավանա։ Մեր մասով՝ մենք կառավարության միջոցառումների ծրագրում ընդգրկված նախագծերը պատրաստում ենք, հիմնավորում ենք, եւ այն պահին, երբ կառավարությունը հաստատում է, մենք գործընկերների հետ նաեւ պարզում ենք հնարավոր ֆինանսավորման աղբյուրները։ Դա կարող է լինել ընթացիկ կամ հաջորդ տարում։ Մենք եւս տեսնում ենք մեծ պոտենցիալ կապիտալ ծախսերի ավելի լավ կատարելու, պլանավորելու մեջ, եւ դա փորձում ենք լուծել հանրային ներդրումային կոմիտեի գործիքն ամբողջությամբ աշխատեցնելու միջոցով։ Օրինակ՝ զբոսաշրջային կլաստերները, Գյումրու չոր նավահանգստի եւ ինդուստրիալ պարկի ծրագիրն ամբողջությամբ իրականացնում ենք հանրային ներդրումային կոմիտեի միջոցով»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ