Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստորագրությունը պետք է կանխվի․ դա հետո դամոկլյան սրի պես կախվելու է ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա»․ Ձյունիկ Աղաջանյան

Մայիս 30,2023 14:14

«Բոլորիս համար վաղուց հայտնի էր, որ այս գործընթացները, որոնք սկսվել են հինգ տարի առաջ, բերելու հասցնելու են այսօրվա վիճակին՝ ոչ միայն Արցախի գոյության վտանգմանը, այլև ինքնին ՀՀ-ի գոյության վտանգին»,- «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ, դիվանագետ, Ինդոնեզիայում, Մալայզիայում Սինգապուրում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ի այսօրվա ղեկավարի վարած քաղաքականության պատճառով այսօր տեսնում ենք հայոց ցեղասպանության երկրորդ փուլի փորձի նախաձեռնումը Ադրբեջանի կողմից իր եղբայր Թուրքիայի օժանդակությամբ․ «Դրան, ցավոք, աջակցում են որոշ արևմտյան կենտրոններ՝ գիտակցելով, փաստացիորեն մասնակից դառնալով այդ գործընթացներին, թեև նրանց հիմնական նպատակն այս տարածաշրջանում ՌԴ-ի դուրսմղումն ու Իրանի ազդեցության նվազեցնելն է։ Այդ նպատակներն այսօր հանգեցնում են այն հանգամանքին, որ ՀՀ-ն դառնում է հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմ, իսկ նվազագույնը դառնում է Արևմուտք-Իրան-Ռուսաստան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ, որը անթույլատրելի է մեզ համար, քանի որ մենք այս պարագայում դառնում ենք ոտնատակ տրվող մի միավոր՝ վտանգելով Հայաստան պետության գոյությունը»։

Տարբեր շարժումների մասին խոսելով՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Շատերը կհամաձայնեն, որ մինչև 2020 թվականը՝ հանրության մեջ մտայնություն կար, որ հստակ իշխանության գալու ձգտում են այդ շարժումները։ 2020-ից հետո ժողովրդի մի ստվար մասի համար պարզ դարձավ, որ գոնե Արցախի մասով թեզերն իրական էին, սակայն դեռ հույս ունեին։ Իսկ 2022-ի սեպտեմբերի գործողությունները բոլորովին այլ իրավիճակ ստեղծեցին, և ժողովրդի աչքը բացելու գործընթացը սկսեց այդ ժամանակ։ Հասկացան այն թեզը, որ ամենավատ երազում անգամ չէինք պատկերացնի, իրական է և վերաբերում է հատկապես անվտանգային ոլորտներին։ Ֆինանսական փոխհատուցումների, երազանքային հարստության գործոններով են փորձում փոխարինել հայրենիքն ու ինքնությունը։ Այսինքն՝ երկու բան, որը մշտապես եղել է ազգի պահպանման գործոնները, փորձ են արվում ոչնչացվել ինչ-որ մի հարուստ ապագայի երազանքի ներկայացմամբ, որտեղ չգիտես՝ հայը ինչ դեր ու տեղ պիտի ունենա և ինչ կարգավիճակով»։

Ըստ Ձյունիկ Աղաջանյանի՝ ժողովրդի շրջանում ցասում կա, բայց դրսևորում չի ստանում, քանի որ ժողովուրդը հոգնել է կուսակցական պայքարից։

Անդրադառնալով իրենց նախաձեռնած շարժմանը՝ նա նշեց․ «Շարժման ներկայացուցիչները խնդիր չունեն աթոռ զբաղեցնելու, նրանք նպատակ ունեն հանրության ամենալայն շերտերի համատեղ գործողություններին աջակցել, հասնել իշխանափոխության, որը հետագա դրական զարգացումների համար դուռ կբացի։ Իշխանափոխությունը այն պահանջված պայմանն է, որից հետո կարող է փոփոխություն տեղի ունենալ»։

Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ մի վտանգավոր միտում կա, թե փաստաթուղթ ստորագրելուց հետո հնարավոր կլինի հասնել իշխանափոխության․ «Դա վտանգավոր թեզ է, որը փորձ է անում կանաչ ճանապարհ հարթել ստորագրության համար, հետո ճնշել բողոքի ակցիաները։ Դա կործանարար գործողություն պիտի լինի։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ ստորագրելը թույլ չտանք, դա կանխվի։ Դա հետո դամոկլյան սրի պես կախվելու է ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031