Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել չմիջամտել «Ղարաբաղի էթնիկ հայերի» հետ իրենց երկխոսությանը

Մայիս 30,2023 13:08

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ պահանջելով Հայաստանից չմիջամտել իրենց ներքին գործերին և չմիջամտել իրենց երկխոսությանը «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայերի հետ»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայկական կողմի հայտարարությունը, «հաստատում է, որ 30 տարի ադրբեջանական տարածքները պահվել են օկուպացված, ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումներ են իրականացրել, ամայացրել են քաղաքներն ու գյուղերը»: Այդ հայտարարությունը Բաքուն գնահատում է որպես Հայաստանի անկարողություն՝ «հանդուրժելու այն աշխատանքը, որը կարճ ժամանակում տարվել է Ադրբեջանի կողմից այս տարածքներն օկուպացիայից ազատագրելուց հետո»:

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի նախագահի՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու, Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու և տարածաշրջանում անջատողականության խրախուսմանը նպաստող քայլերի վճռական կանխման մասին կոչերի գիտակցաբար աղճատումը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղել պատմությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարում «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի «էթնիկ զտման» մասին պնդումները Հայաստանի կողմից, որը «վտարել է ողջ ադրբեջանական բնակչությանը ոչ միայն ադրբեջանական օկուպացված տարածքներից, այլև Հայաստանից»:

«Ընդհակառակը, Ադրբեջանը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տեղի հայ բնակչության վերաինտեգրման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը կանխելը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, ինչը համահունչ է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»:

«Այդ գործում Հայաստանի դիմադրությունը և միջամտությունը Ադրբեջանի՝ հայ բնակչության հետ երկխոսության ջանքերին, միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և հակասում է Հայաստանի պաթոսային հայտարարություններին՝ «տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «տարածաշրջանում խաղաղության և կայունության ձգտումները չափվում են իրական քայլերով և ոչ թե կեղծ կոչերով և խոստումներով»:

«Ուստի, լավ կլիներ, եթե հայկական կողմը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններով հանդես գալու փոխարեն, ոչ թե բառերով, այլ գործողություններով հարգեր մեր երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031