Լրահոս
Օրվա լրահոսը

«2 տարի առաջ Փաշինյանը գնաց գործարանի ժապավեն կտրեց, երկու ամիս հետո էդ գործարանն իզով-թոզով կորավ»․ Արթուր Խաչատրյան

Մայիս 30,2023 12:56

Էկոնոմիկայի նախարարությունը 2022-ին հաստատված 13 ծրագրից կատարել է 12-ը, 58 միջոցառման փոխարեն կատարել է 63-ը։ Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այսօր համատեղ նիստում քննարկվում է էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի տարեկան բյուջեն կազմել է 42 միլիարդ 209 միլիոն դրամ, ըստ Հովհաննիսյանի, կատարվել է փաստացի 53 միլիարդը, ճշտված բյուջեն կազմել է 55,7 միլիարդ դրամ, կատարողականը՝ 95%։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացել է 22,5%-ով։

Վահե Հովհաննիսյան

Նա ասաց, որ նախարարության բյուջեի ընթացիկ ավելացումը պայմանավորված էր տարվա ընթացքում որոշ հրատապ հարցերի լուծմամբ եւ տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությամբ։

Բաբկեն Թունյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց՝ հարկային եկամուտների առաջանցիկ աճ է գրանցվել, սակայն ծախսերը լիարժեք չեն կատարվում եւ սա մշտական խնդիր է․ «Անցյալ տարի էլ բյուջեում թերակատարում կա։ Այս տարի էլ կապիտալ ծախսերի մասով ունենք ոչ ամբողջական կատարում, զուգահեռ դրան՝ հարկային եկամուտների աճ է գրանցվել։ Մի կողմից տնտեսությունից ավել փող ենք հավաքում, մյուս կողմից՝ այդ փողը չենք ծախսում։ Արդյոք այս դեպքում ավել հարկ հավաքելը նպատակահարմա՞ր է ու ճիշտ, եւ արդյոք դա տնտեսությանն ավելի շատ վնասո՞ւմ է, թե՞ օգնում։ Ճի՞շտ չէր թողնել փողը բիզնեսին, որն այդ գումարի արդյունավետ ծախսելու ձեւը լավ գիտի»։

Ի պատասխան հարցի՝ ֆինանսների նախարարն ասաց՝ անցած տարի նախարարության քաղաքականությունը տնտեսության վրա ունեցել է զսպող ազդեցություն․ «Այսինքն, բյուջետային ազդակը եղել է 2,1։ Եթե զսպող ազդեցությունը չունենայինք, ապա ավելի մեծ գնաճ կունենայինք։ Իսկ արդյոք մենք հարկում ենք այն ճիշտ ոլորտներում, որոնք գերտաքացած են, պատասխանը միանշանակ չէ։ Այո, անելիք ունեն , որպեսզի հարկային համակարգն այնքան ճկուն դարձնենք, որպեսզի կարողանանք ավելի արագ արձագանքենք տնտեսության արագ փոփոխությանը։ Բայց մենք չենք կարող արագ կամ ամեն ամիս հարկային դրույք փոխենք այս կամ այն ոլորտի համար»։

Նախարարը նշեց՝ բյուջեի կատարողականը խնդիր է, գերատեսչությունները բյուջեների եռամսյակային բաշխմանը չեն վերաբերվել այն լրջությամբ, ինչպես հիմա են վերաբերվում․ «Ճշգրիտ չեն կարողանում պլանավորել եռամսյակային բաշխումները, ուստի ստացվում է, որ առաջին եռամսյակում ունենք վատ կատարողականներ»։

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ նկատեց՝ նախարարությունները ձախողում են կատարողականը․ «Անցյալ տարի տնտեսական աճի լոկոմոտիվ էր համարվում ջրամբարաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Ջրամբարաշինությունը մոտ 22 միլիարդ էր նախատեսված, տարվա կեսին դա դարձավ 11 միլիարդ, որից կատարվել է մոտ 9 միլիարդը։ Թղթի վրա կատարողականը եղավ 80%, բայց իրականում պլանավորվածի համեմատ 46% է եղել։ Էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ կոնկրետ ծրագիր է իրականացնում․ հիմնականում գյուղատնտեսական ծրագրերն են, բայց ինչ ուզում եք արեք, գյուղատնտեսությունը նվազում է։ Ավելի պարտատոմսեր էին թողարկել, որովհետեւ տոկոսները լավն էին, բանկերում էլ առաջացել է կատաստրոֆիկ լիկվիդայնություն։ 1 տրիլիոնից ավել ավանդներ են կուտակվել, 250 միլիարդի վարկ է տրամադրվել, մեծ մասը՝ հիփոթեք»։

Բաբկեն Թունյանն ասաց, որ Խաչատրյանի նշած ոլորտներն այլ հանձնաժողովներում առանձին քննարկելու են։

Նախարարն էլ նշեց, որ ծրագրերը պետք է ժամանակին եւ ճիշտ կատարել։

«Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Մերձավանում գործարանի «լենտ» կտրեց, երկու ամիս հետո էդ գործարանն իզով-թոզով կորավ։ Այս երկու տարում որեւէ «լենտ» կտրվե՞լ է, որ գոնե հարյուր հոգի մարդ աշխատի, որ նյութական արտադրանք տան»,-ասաց Խաչատրյանը։

Գեւորգ Պապոյան

ՔՊ-ական Գեւորգ Պապոյանն էլ արձագանքեց․ «Լենտեր շատ են կտրվել, բայց ոչ բոլորին է վարչապետը գնում։ Նախկինում սաունայի կամ ռեստորանի բացմանը նախագահներն էին գնում, հիմա 100 կամ 50 կիլոմետրանոց ճանապարհի բացմանը վարչապետը չի գնում, չնայած ես առաջարկել եմ, որ հաճախ գնա»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ 2018 թվականի դեկտեմբերի 5–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մերձավան համայնքում մասնակցում է «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031