«Ինչո՞ւ են կանայք ավելի լավ կրակում, քան տղամարդիկ, պարոն Գաբրիելյան, ճշտե՞լ եք»,- Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հանձնաժողովը քննարկում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման նախագծերի փաթեթը:
Հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանն ասաց․ «Ինչքան գնացել եմ կրակային, շատ դեպքերում ես նկատել եմ, որ կանայք շատ ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ։ Դա ստատիստիկա է, այնպես չէ, որ զուտ իմ կարծիքն է։ Ես ստատիստիկան պաշտպանության նախարարությունից ուզենք, վստահաբար պնդում եմ, որ այնտեղ երեւալու է»։
Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ իսկ պատգամավորը ճշտե՞լ է, թե ինչո՞ւ են կանայք ավելի լավ կրակում։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ չի ճշտել։ «Այսինքն՝ հոգեբանորեն իրենք ավելի կայո՞ւն են, ավելի սառնասի՞րտ են»,- հարցրեց Քոչարյանը։
Արձագանքեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ «Ոչ, կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերության մասին է, տղամարդիկ շնչում են կրծքավանդակով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ