Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ կանայք պետք է ծառայեն՝ ռեսուրսի խնդի՞ր ունենք, մոդայի՞կ է, ի՞նչ խնդիր է լուծում սա»․ Անդրանիկ Քոչարյանը Սուրեն Պապիկյանին

Մայիս 30,2023 12:19

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե ինչո՞ւ է կանայք պետք է ծառայեն։

«Ինչո՞ւ ենք անում սա, ռեսուրսի խնդի՞ր ունենք, մոդայի՞կ է։ Սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունը էական լի՞ցք կտա, ի՞նչ խնդիր է լուծում»,- հարցրեց Քոչարյանը։

Ի պատասխան՝ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Երեւի ես չէ, որ պետք է խոսեմ գենդերային հավասարության մասին, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ եւ հավասար տղամարդկանց հետ, այդ թվում՝ հայրենիքը պաշտպանելիս։ Մենք անընդհատ խոսում ենք կանանց իրավունքների մասին, որոնք ավելի շատ թույլին պաշտպանելու մասին են, բայց ես կարծում եմ, որ կանայք շատ ավելի ուժեղ են, քան ձեւավորված է կարծիք։ Եվ ունենք մենք իգական սեռի հայրենասեր քաղաքացիներ, ովքեր ուզում են ծառայել իրենց հայրենիքին։ Մենք ուզում ենք ձեւավորել հարթակ, որտեղ չափահաս դարձող ՀՀ իգական սեռի քաղաքացին ինքը որոշի՝ ուզո՞ւմ է դառնալ իր երկրի պոտենցիալ պաշտպան, թե՞ ոչ»։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց․ «Մենք սա որ անում ենք, ես հասկացել եմ, որ կարող է բերել ծառայության որակական ցուցանիշի բարձրացմանը, տղամարդկանց կողմից եւս։ Եթե կանանց մոտ դա հաջողվում է, իրենք ավելի բծախնդիր են լինելու ծառայության որակի ցուցանիշների մեջ, դա նաեւ բանակին նոր լիցք է տալու, ճի՞շտ եմ հասկացել»։ Սուրեն Պապիկյանը նշեց․ «Այո, ճիշտ եք հասկացել»։

«Մենք նախաձեռնել էինք, որ կանայք մասնակցեին հրաձգության, մեկօրյա, այնուհետեւ եռօրյա պատրաստության փուլ էինք կազմակերպել, որտեղ կանայք գնում ու մասնակցում էին հրաձգության։ Ես անձամբ մի քանի անգամ առիթ եմ ունեցել շփվել նաեւ շահառուների մոտ, մեծամասնության մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրենք չեն կարող մասնակցել վարժական հավաքներին, ինչո՞ւ չեն կարող հավասարապես ներգրավվել պրոցեսին։ Հիմա մենք այդ հարթակը ստեղծում ենք, որի հիմքում դրված է կամավորությունը, բայց միեւնույն ժամանակ հավասար հնարավորություն ստեղծելով տղամարդկանց հետ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031