«Բոլորը լիդեր են ման գալիս։ Դա ունի մշակութաբանական պատճառներ, քանի որ մեզ մոտ հորիզոնական հարաբերություններ չեն ձևավորվում, իսկ պետության զարգացման հիմքում հորիզոնական հարաբերություններ են, բայց մեզ մոտ արևելյան բրգային համակարգ է»,- «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա՝ ցավոք, ՀՀ-ում կա նման պահանջ, որ ցանկացած շարժում պիտի լինի անձնավորված․ «Կա որոշում ընդունող և պատասխանատվություն կրող անձի պահանջ։ Ես կարծում եմ, որ մինչև հիմա սխալ է եղել այն, որ հայտարարվել է, թե սա լիդեր է, մնացածս գնում ենք նրա հետևից։ Սա պատասխանատվությունը մեկ հոգու վրա բարդել է։ Լիդերին ոչ թե նշանակում են, այլ լիդերը ծնվում է, երբ լինում են գործընթացներ, գաղափարներ, որոնք հանրության համար ընդունելի են, և գաղափարական մարմնավորմամբ անձանց՝ իրենց հատկանիշներից ելնելով՝ ժողովուրդը ճանաչում է լիդեր»։
Ստեփան Դանիելյանը նշեց, որ իրենց շարժման նախաձեռնող խմբի անունները հայտնի են, որոշումներն էլ ընդունվելու են բաց, միասին և ժողովրդի մասնակցությամբ․ «Լիդերը կծնվի գործընթացների ժամանակ, և այդ լիդերին կընտրեք դուք»։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ պետք չէ հարցը ձևակերպել այնպես՝ չեք կարծո՞ւմ, որ եթե այսպես շարունակվեն գործընթացները գուցե շարժումն արդեն ուշանա։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրս՝ ամեն մեկս մեր տեղում պետք է անենք քայլեր, որպեսզի չուշանանք։
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞րն է տարբերությունն այս շարժման և մյուսների միջև, որոնք ևս իշխանափոխություն են պահանջում, Ստեփան Դանիելյանը պատասխանեց՝ մենք բոլորին միավորում ենք` անկախ իրենց հայացքներից, քանի որ այսպես շարունակվել չի կարող․ «Կուսակցությունների նպատակն է բնականոն վիճակում գտնվող երկրում ընտրությունների մասնակցելը, կառավարություն կազմելը կամ ընդդիմություն լինելը։ Երբ երկիրը գոյաբանական խնդրի առաջ է, դա արդեն կուսակցությունների խնդիր չէ, այլ արդեն լայն հանրային համախմբում է պահանջում։ Բոլորը խոսում են՝ նախկիններ, ներկաներ, արևմտամետներ, ռուսամետներ և այլն։ Մեր շարժումում չկան կոռուպցիոներներ և ոչ ոք որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և հետևաբար չի կարողացել կոռուպցիայով զբաղվել։ Թալանչիները և այլն՝ այդ թեզերը մեր դեպքում չեն գործում։ Եվ նաև, մենք իշխանության չենք գալիս, այլ իրավիճակ ենք փոխում»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ պետք է հենց այս շարժումը կարողանա հասնել իշխանափոխության, քանի որ նախորդ շարժումները չհաջողեցին, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Մենք դա չենք կարող անել, մենք կարող ենք անել միասին։ Ամեն քաղաքացի, որն ուզում է՝ փոփոխություն լինի, կարող է միանալ մեզ այս խնդիրը լուծելու համար։ Նվաստացման խնդիր է, երբ մեր երկրի ղեկավարի վրա են ծիծաղում, դա նշանակում է ՝ բոլորիս վրա են ծիծաղում։ Մենք այս նվաստացման վիճակից դուրս պիտի գանք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ