Լրահոս
Օրվա լրահոսը

18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը

Մայիս 30,2023 11:45

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ «Մասնավորապես, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչեւ համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման եւ առողջական վիճակի գնահատման գործընթացը։ Մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու զորակոչման այդ օրին հաջորդող զորակոչին։ Խոսքը վերաբերում է ամառային եւ ձմեռային զորակոչերին»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյան

Ըստ նախարարի՝ դիմում ներկայացնելուց հետո նրանք իրավունք են ունենալու մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասում, եւ ծառայությունը բացառապես կազմակերպվում է այդ զորամասում։ Պապիկյանի խոսքով՝ այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձեւավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանում են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք։

«Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է վճարել՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա վրա բաժանելու եւ փաստացի ծառայության ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքում զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ բնականաբար օգտվելով ծրագրի բոլոր արտոնություններով»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ սահմանվում են դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը։ Դրանք են՝ մինչեւ զորակոչվելու օրը զորակոչվելուց գրավոր հրաժարվելը՝ կամ առողջական վիճակի պատճառով, կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով։

Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «Զինվորական վեցամսյա ծառայությունից հետո նրանք հաշվառման մեջ են լինելո՞ւ, համընդհանուր մոբիլիզացիայի կամ վարժական հավաքների ենթակա՞ են, թե՞ այդ 6 ամսվա ծառայությունով ավարտվում է նրանց կապը Զինված ուժերի հետ»։

Սուրեն Պապիկյանն ի պատասխան ասաց․ «Ոչ, չի ավարտվում կապը, հենց այդ վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ եւ հավասարազոր պահեստազոր։ Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն վեցամսյա ծառայություն, կլինեն մեր պահեստազորում, ամրագրում կստանան եւ անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն»։

Նախարարը պարզաբանեց նաեւ «կամավոր պարտադիր» բաղադրիչը․ «Մեխանիզմը շատ պարզ է՝ ՀՀ իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց տարիքային շեմը 18-27 տարեկան է, իրենց ցանկությամբ՝ կամավոր եթե ուզում են վեցամսյա զինվորական ծառայություն անցնել ՀՀ Զինված ուժերում, դիմում են ներկայացնում մոտակա զինկոմիսարիատ։ Սկսվում է նրանց հաշվառման պրոցեսը, անցնում են բոլոր այն ստանդարտ պրոցեդուրաներով, որոնցով անցնում է զորակոչիկը։ Մինչ այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, բոլոր պրոցեդուրաներն անցնելուց հետո, ինքը կարող է միտքը փոխել։ Բայց այն օրվանից, երբ ինքն արդեն իսկ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայություն արդեն դառնում է պարտադիր»։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031