Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում Երևանի ընտրություններից խոսելը ժամանակավրեպ ու ինչ-որ առումով ծիծաղելի է»․ Անդրանիկ Թևանյան

Մայիս 30,2023 11:17

«Լուծումները երեք հիմնական կետերի շուրջ են։ Մեր նպատակներն են՝ գործող վարչախմբի հեռացում, քանի որ դա սպառնալիք է ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը։ Իշխանափոխությունից հետո պետք է ձևավորենք նոր՝ ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում պետք է կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություն»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Նա շեշտեց՝ ժամանակավոր վարչապետը պետք է զբաղվի ընթացիկ անվտանգային հարցերը կայունացնելով և հիմնականում ապահովի ազատ, արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։ Այնուհետև պարզաբանեց․ «Որպես երաշխիք, որ մենք նորից անձին, խմբերին, անհատների գերի չենք դարձնելու մեր քաղաքական համակարգը, նվազագույն պայման ենք տեսնում այն, որ ժամանակավոր վարչապետը չպետք է որևէ կուսակցությամբ կամ դաշինքով անձամբ առաջադրվի կամ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությանը»։

Նա, հիշեցնելով, որ արդեն իրենց շարժման հռչակագիրը ներկայացրել են, վստահեցրեց՝ այս շարժումը ձևավորել են ոչ իշխանության գալու նպատակով, այլ իշխանափոխության հայտ են ներկայացնում։ Անդրանիկ Թևանյանի համոզմամբ՝ խաղաղությունը կարող է ապահովվել միայն իշխանափոխությունից հետո։

Այս իշխանության վարած քաղաքականության մասին ասաց․ «Արդարության դեֆիցիտի խնդիր կար, սա 2018-ին շահարկվեց, եկան իշխանության՝ հասկանալով, որ հասարակությունում կան դրական ու լեգիտիմ ձգտումներ, բայց դրանք մսխվեցին։ Հիմա տեսնում ենք՝ որն էր այս իշխանության իրական օրակարգը։ Խոսվում էր կոռուպցիայից, թալանից, բայց տեսնում ենք, թե իրենք ինչպիսի կոռուպցիոն սխեմաների մեջ են թաթախված»։

Լրագրողների փաստմանը՝ իշխանափոխության բազմաթիվ փորձեր եղան, որոնք հաջողություն չունեցան և հարցին՝ իրենք ի՞նչ քայլերով են հասնելու իշխանափոխության, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց․ «Մենք բոլոր այդ փորձերը, սխալները հաշվի ենք առել։ Բոլորս էլ հասկանում ենք՝ հասարակական ավելի լայն ներգրավում է պետք, դրա համար շարժման մեջ տարբեր հոսանքների մարդիկ են։ Մենք նախատեսում ենք բավականին լայն կետային աշխատանք հանրության բոլոր շերտերի հետ՝ տնետուն աշխատանքը։ Որոշակի թերություններ մինչ այժմ եղել են տնային աշխատանքի առումով»։ Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց՝ իրենք բաց են լայն համախմբման համար։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության առումով էլ Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Շարժման շրջանակներում որևէ թեմա Երևանի ընտրությունների հետ կապված չի քննարկվել և չի քննարկվելու։ Մեր օրակարգում նման հարց դրված չէ։ Իշխանական տարբեր շրջանակներ փորձում են իջեցնել նշաձողը մեր շարժման հետ կապված՝ ասելով, որ Երևանի ընտրությունների համար է շարժումը։ Ասեմ, որ այս իրավիճակում Երևանի ընտրություններից խոսելը ժամանակավրեպ ու ինչ-որ առումով ծիծաղելի է։ Մենք դեռ չգիտենք՝ սեպտեմբերին Երևան կլինի՞, թե՝ Էրիվան։ Եթե հետագայում պարզվի, որ դա կարելի է օգտագործել գործիք մեր նպատակներն իրականացնելու համար, այդ ժամանակ Երևանի ընտրությունների հարց կքննարկենք։ Երևանի ընտրությունները շարժման օրակարգում չեն»։

Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ նախորդ բոլոր շարժումներն իրենց դրական լուման ունեցել են։ Որպես օրինակ նշեց՝ եթե ոտքի չկանգնեինք, միգուցե Լաչինի միջանցքը նախորդ տարվա ապրիլին արդեն փակված լիներ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    որտեղ հայտնվում է Անդրանիկ Թևանյանը, այնտեղ ռուսական գործակալական ցանցն է գործում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031