Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագրեր են իրականացվում։ 44-օրյա պատերազմից հետո 50 հեկտար հողատարածք կորցրած Ուժանիս համայնքում դաշտերի մելիորացիայի ծրագիր է իրականացվում։
Ուժանիսի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանն ասում է՝ մելիորացիայի շնորհիվ հացահատիկային մշակաբույսերի համար բացվել են նախկինում անմշակ դարձած դաշտերը։ «Այդ ուղղությամբ արդեն 2 տարի է՝ աշխատում ենք, եւ մելիորացիայի արդյունքում մշակելի են դարձել համայնքի հողերից 28 հեկտարը։ Էլի կան նման հողատարածքներ, ժամանակի հետ կբացվեն։ Հիմնականում ցորեն ու գարի են այս պահին մշակում, բայց մտահղացում կա, որ հետագայում շեշտադրում արվի այլ մշակաբույսերի վրա։ Անասնակերի, ճակնդեղի, կաղամբի, գազարի մշակման փոքր մասշտաբով աշխատանք ենք սկսել, տարիների ընթացքում արդեն կկատարելագործենք։ Կարեւորն այն է, որ Կարմիր խաչի աջակցությամբ բացել ենք այն հողերը, որոնք 15-20 տարի փակ են եղել»,- ասում է համայնքի ղեկավարը։ Ուժանիսում այս ծրագրի շահառուների թիվը 9-ն է։
«Երբ հողը 15-20 տարի չի մշակվում, քարանում է եւ դառնում մշակելու համար ոչ պիտանի։ Մելիորացիայի նպատակն այն է, որ հողը խորը վարվում է, կրկնավար է արվում, մաքրվում է եւ դառնում պիտանի ցորենի ու այլ մշակաբույսերի մշակման համար։ Ուժանիս գյուղում մեր ծրագրի շրջանակներում մելիորացրել ենք 28 հեկտար հողատարածք, այդ հողերը մշակված չեն եղել 15-20 տարի։ Նույն ծրագրի շրջանակներում գյուղացիներին տրամադրել ենք ցորենի էլիտար սերմեր, ցանքը կատարվել է։ Հետագայում այդ էլիտար սերմերից վերցված սերմով իրենք դեռ մի քանի տարի կկարողանան իրենց հողերում ցանք կատարել»,- ասում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը։
Մարզի Կաղնուտ գյուղում մելիորացիայի ծրագրով 10 հեկտար հող է վերականգնվել, ցորեն է ցանվել, 12 ընտանիքի բաժանվել է ցորենի սերմնացու։ Գյուղում նաեւ աջակցության այլ ծրագրեր են իրականացվում։
Կաղնուտի բնակիչ Սպարտակ Ասատրյանին ԿԽՄԿ-ն աջակցում է մեղվաբուծության ոլորտում։ Մեկ այլ բնակիչ՝ մասնագիտությամբ եռակցող Սեյրան Հայրապետյանը, ԿԽՄԿ ֆինանսավորմամբ գործիքներ է գնել՝ զոդման գործիք եւ այլն։ «Հիմնականում գյուղի համար եմ օգտագործում գործիքները, գյուղի մեխանիզմների վրա եմ աշխատում, գյուղում եռակցող չկա, միայն ես եմ, ինձ են դիմում»,- ասում է նա։
Ճագարաբուծության եւ գյուղի միակ խանութի գործունեությունը զարգացնելու ծրագրերը եւս ֆինանսավորվել են ԿԽՄԿ փոքր դրամաշնորհներով։
«Կաղնուտում իրականացրել ենք միկրոտնտեսական նախաձեռնությունների ծրագիր, որի շրջանակներում գյուղի բնակչությանը հնարավորություն ենք տալիս ներկայացնել փոքր ծրագրեր՝ նոր գործունեություն ծավալելու կամ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Գյուղից ընտրվել են 4 տնային տնտեսություններ, որոնց ծրագրերի համար տրամադրել ենք գումար՝ միկրո դրամաշնորհների տեսքով»,- մանրամասնեց ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը։
Կարդացեք նաև
Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ԿԽՄԿ-ն իրականացնում է ազնվամորու արժեշղթայի զարգացման ծրագիր։ Գյուղի 14 տնային տնտեսությունների տրամադրվել են ազնվամորու տնկիներ, գյուղացիները համապատասխան դասընթացի են մասնակցել։ Հաջորդ փուլով տրամադրվել են կալիֆորնիական որդեր՝ հողը հարստացնելու համար, իսկ հետագայում կաթիլային ոռոգման ցանց կհատկացվի բոլոր 14 տնտեսություններին։ Գյուղում ոռոգման ջրի խնդիրներ կան։
Բարձրավանի բնակչուհի Խանում Մաթեւոսյանն ասում է, որ ազնվամորու առաջին բերքն սպասում են այս տարվա աշնանը․ «Ամեն թուփն այս տարի 200 գրամ բերք կտա, բայց եթե հաջորդ տարվա գարնանից ամեն ինչ լավ լինի, արդեն մեծ բերք կունենանք։ Մենք կարտոֆիլ, սոխ, լոբի ենք նաեւ մշակում, բայց ցավոք սրտի ջուր չունենք, ձեռքով ենք ջրում»։
Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ն նաեւ գյուղտեխնիկա է հատկացրել Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 38 գյուղական բնակավայրի համար։ «Գյուղտեխնիկան տրամադրվել է նախորդ տարի՝ Կապանի գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Մենք չունեինք խոտ հնձելու հարմարանքներ, աշխատանքները կատարվում էին թերի, տեխնիկան նվիրատվություն ստանալուց հետո հուսով ենք, որ այլեւս բաց տեղեր չեն լինի, եւ աշխատանքային ամբողջ ցիկլը կիրականացվի ըստ ժամանակացույցի»,- ասում է Կապանի փոխքաղաքապետը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ