Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման պահանջով շուտով ստորագրահավաք կհայտարարվի։ Նախաձեռնողը «Հայաքվե» շարժումն է։ Հիշեցնենք՝ դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Զրուցեցինք նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ: Ի՞նչ խնդիրներ են լուծում շարժման առաջին փուլում` մինչեւ հավաքված ստորագրությունները ԿԸՀ հանձնելը․
«Առաջին փուլի համար տրված է 60 օր, որից հետո 15 օր տրված է, որ նախաձեռնության անդամները ստորագրությունների թղթերը ի մի բերեն, և դրանից հետո 15 տրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ հաստատի կամ չհաստատի ստորագրությունների փաթեթի իսկությունը։ Եթե 50 հազար ստորագրությունը հաստատվում է, ապա որոշում է ընդունվում որպես օրենսդրական նախաձեռնություն նախագիծը մտնում է ԱԺ օրակարգ»,- ասաց Օրբելյանը։
– Ազգային ժողո՞վն է քվեարկությամբ որոշելու՝ հանրաքվե լինի, թե ոչ։
– Ընթացակարգը հետևյալն է․ միանգամից հանրաքվեի դնելու հնարավորություն չի տրվել, ասում է՝ եթե ուզում եք հանրաքվեի դնել ինչ-որ հարց, ապա սկզբում, որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ, պետք է դիմեք Ազգային ժողովին, եթե ԱԺ-ն ընդունի, դրա համար հանրային ռեսուրսներ ծախսելու կարիք չի լինի։ ՀՀ-ում օրենսդրական նախաձեռնությունների 3 աղբյուր կա՝ ԱԺ պատգամավորներն են՝ որպես այդ գործընթացի հիմնական աղբյուր, ծավալի առումով ամենամեծը կառավարությունն է, և երրորդը` 50 հազար ստորագրություններով հանրային նախաձեռնությունն է։ Եթե ԱԺ-ն նստաշրջանի ընթացքում չի քվեարկում կամ մերժում է, այդ ժամանակ նախաձեռնությունը կարող է պահանջել, որ ուզում է հարցը դնել հանրաքվեի, և դրա համար ևս 300 հազար ստորագրության կարիք կա։ Այսինքն՝ 50 հազար + 300 հազար։
Կարդացեք նաև
– Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ մարդիկ կգնան հատկացված վայրեր և կստորագրեն։
– Ես գտնում եմ, որ 50 հազարը բավականին արագ կհավաքվի, թե ինչքան արագ, տեխնիկական ինչպիսի խոչնդոտներ կփորձեն իրագործել, դժվարանում եմ հստակ ասել: Բայց ամեն դեպքում, գտնում եմ, որ 50 հազարը բավականին հեշտ պետք է հավաքվի։ 300 հազարի մասով նույնպես գտնում եմ, որ կա հանրային տրամադրություն՝ ստորագրելու: Բայց ԱԺ-ում քննարկումներ պետք է լինեն, որից հետո դրան կհասնենք։ Ես ամեն դեպքում ռեալիստական եմ համարում և՛ 50 հազարը, և՛ 300 հազարը, և հետո էլ հանրաքվերում համապատասխան դրական արդյունք ամրագրելը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: