Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանցված տնտեսական աճը բարեփոխումների արդյունքն է: Տնտեսական իրավիճակը և կառավարման մեթոդը թույլ են տալիս հավատալ, որ տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր տնտեսական աճ»

Մայիս 30,2023 10:50

2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանում կնքվել է ԵԱՏՄ կազմավորման մասին համաձայնագիրը: Շուրջ 9 տարի առաջ ՀՀ-ի կայացրած որոշման հիման վրա երկրի տնտեսական գործունեության շրջանակներում առնվազն վերջին տարիներին առկա են զգալի ձեռքբերումներ: Նշվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստում:

«Վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւս մեկ անգամ արձանագրվեց 2022 թվականի ՀՀ-ի 12.6 տոկոս տնտեսական աճի փաստը, որը ԵԱՏՄ երկրների կազմում ամենաբարձրն էր: Պատմության այս դժվարին իրողությունների շրջանում, չնայած բոլոր խնդիրներին, այսօրվա Կառավարությանն ու քաղաքական մեծամասնությանը հաջողվում է այնպես անել, որ Հայաստանի քաղաքացիների կյանքը տարեցտարի բարելավվի: Այժմ ՀՀ-ում տնտեսական իրավիճակը եւ կառավարման մեթոդը թույլ են տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր տնտեսական աճ»,- նշել հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Նիստի օրակարգում էր «ԵԱՏՄ-ում աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանումը նորարարական, թվային բովանդակությամբ, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման համատեքստում» հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ-ում գրանցված տնտեսական աճն առաջին հերթին այն բարեփոխումների արդյունքն է, որ ներկա Կառավարությունը շուրջ հինգ տարի իրականացնում է, եւ բիզնես միջավայրի բարելավման ու ազատականացման ուղղությամբ կատարված քայլերը տալիս են իրենց արդյունքները, ինչպես նաեւ ընդգծում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մրցակցային առավելությունը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ աշխատանքի արտադրողականությունը Ղազախստանում եւ Ռուսաստանում կազմում է մոտավորապես 12.6 դոլար մարդ/ժամ, Հայաստանում եւ Բելառուսում՝ 8.6-9 դոլար մարդ/ժամ, Ղրղըզստանում՝ 3 դոլար մարդ/ժամ: Աշխարհի զարգացած երկրների համեմատ ՀՀ-ն ունի աճի մեծ պոտենցիալ ունեցող ցուցանիշներ, որոնք նախարարի պնդմամբ կհաղթահարվեն 2024 թվականին:

Վահան Քերոբյանը նշել է, որ մշակող արդյունաբերության ոլորտում Կառավարության թիրախը մշակող արդյունաբերություն-ՀՆԱ հարաբերակցությունը 15 տոկոսի հասցնելն է: 2022 թվականին այն կազմել է 11.4 տոկոս, բայց միաժամանակ արձանագրվել է, որ 2022 թվականին մշակող արդյունաբերությունը բավական զգալի աճ է ապահովել՝ 11 տոկոսից ավելի: Ըստ նախարարի՝ 2023 թվականի առաջին եռամսյակին մշակող արդյունաբերության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.2 տոկոս: Սակայն, անկախ ամեն ինչից, տնտեսական աճի գլխավոր շարժիչները բարձր տեխնոլոգիական, ֆինանսական, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներն են: Եվ այս պարագայում մշակող արդյունաբերության նույնքան բարձր աճ ապահովելն արդեն կարեւոր ձեռքբերում է եւ շարունակում է ավելանալ:

Վահան Քերոբյանը նշել է, որ աշխատանքի արտադրողականության եւ մշակող արդյունաբերության զարգացման գլխավոր ծրագրերից է «Տնտեսության արդիականացման ծրագիրը», որի ներքո մեկ տարվա ընթացքում ընկերությունները ձեռք են բերել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ, որոնցից մոտ 57 տոկոսը հենց մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են: «Այսօրվա թիրախն է համարվում ընկերությունների մոդեռնիզացիայի շնորհիվ հասնել բարձր արտադրողականության, որը թույլ կտա լինել ավելի մրցունակ եւ գրավել ավելի մեծ շուկաներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս»,- նշել է Վահան Քերոբյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքի արտադրողականությանը միտված ծրագրի մյուս բաղադրիչը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն է հայկական ընկերություններ: Մինչեւ 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը, 300-ից ավել բարձր որակավորում ունեցող մասնագետների հայտ է ընդունվել ու հաստատվել:

Ծրագրի մյուս կետի համաձայն հայաստանյան ընկերությունների համար թվային տրանսֆորմացիայի ոլորտում նախատեսվում է եռափուլ սուբսիդավորում: Առաջին փուլով նախատեսված են խորհրդատվական, ապա ներդրման եւ վերջում հաջողության «քեշբեք» ծրագրեր: Հաջորդ կետը հայաստանյան ընկերությունների կողմից գիտական ինովացիաների կլանումն ու կիրառումն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ նախատեսված է մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատվածի համագործակցություն, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորվում է 310 մլն դրամի չափով: Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ մասնագետների պատրաստումը: Համագործակցությունը թիրախավորել է հիմնականում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը ներկայացրել է թվայնացման գործընթացը՝ նշելով, որ այն իրականացվում է 2021 թվականին ընդունված ՀՀ թվայնացման ռազմավարության հիման վրա, ինչպես նաեւ 2022 թվականին ստեղծված տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի միջոցով: Նշվել է նաեւ, որ խորհրդի կազմում են ՀՀ էկոնոմիկայի, արդարադատության, ֆինանսների, պետական եկամուտների կոմիտեի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը: Ստեղծվել է նաեւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Օրակարգի երկրորդ` Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ արտահանվող սննդամթերքի անվտանգության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերահսկողության արդի հիմնախնդիրներին վերաբերող հարցը հանձնաժողովը քննարկել է փակ ձեւաչափով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031