Երեւանում մեկնարկած Միլանի մանկապատանեկան ակադեմիայի ճամբարի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ճամբարի համակարգող եւ կազմակերպիչ Լուկա Ադամեսին, որն առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ հազվադեպ է լինում, որ ճամբարն անցկացվում է նման հիասքանչ վայրում։ «Ֆուտբոլի ակադեմիան եւ մարզադաշտերը բարձրակարգ են։ Մեր հիմնական նպատակն է, որ մասնակիցներին խաղալու հնարավորություն տանք, որի միջոցով նրանք կսովորեն եւ նոր ընկերներ ձեռք կբերեն»։ Իսկ Միլանի ճամբարի տեխնիկական գծով տնօրեն Կլաուդիո Ձոլան հավելեց, որ այս հիասքանչ խաղադաշտերում վայելում են երեխաների հետ աշխատելու հաճույքը։
Aravot.am-ը համաձայնելով դիտարկմանը, թե տասն օրում հնարավոր չէ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ աճեցնել, հետաքրքրվեց, թե ճամբարը կավարտվի, մարզիչները եւ պատանի ֆուտբոլիստները կվերադառնան իրենց քաղաքներ։ Եվ որպեսզի լավ նախաձեռնությունը կիսատ չմնա, այս ընթացքում երեխաների մարզիչների հետ աշխատանքային շփումներ կա՞ն նախատեսված։ Հակառակ դեպքում իտալացի մասնագետների հեռանալուց հետո նրանց ակնարկած այն մի քանի երեխաների ֆուտբոլային տաղանդը այդպես էլ կարող է մինչեւ վերջ չբացահայտված մնալ կամ, պարզապես, մարել։
Ամերիաբանկի ներկայացուցիչ Ռեբեկա Հակոբյանը պատասխանեց․ «Այս ծրագրում նման բան նախատեսված չէ։ Դուք իրավացի եք, որ շարունակական արդյունք տալու համար պետք են նաեւ շարունակական աշխատանքներ։ այդ առումով համոզված եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիան ունի բազմաթիվ հնարավորություններ։ Սա պարզապես խորհրդանշական նախագիծ է, որ երեխաները տեսնեն՝ եթե կա ցանկություն եւ աշխատասիրություն, ապա կա նաեւ հնարավորություն։ Այս ծրագրի շրջանակներում մեզ միացել են նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի չորս, ինչպես նաեւ կամավոր այլ մարզիչներ, որոնց համար այս ճամբարը նաեւ փորձի փոխանակում է։ Նախաձեռնությանը միացած ընկերությունները եւս համաձայն եղան, որ երեխաների հետ անհրաժեշտ է ճիշտ ուղղությամբ եւ մեթոդներով աշխատել։ Եվ սա այդ ուղղությամբ առաջին քայլն է, ըստ էության»։
Կլաուդիո Ձոլան լրացրեց․ «Իհարկե մենք կապը պահպանենք տեղի մարզիչների հետ»։ Նա հույս հայտնեց, որ ճամբարում ներգրավված մարզիչները հնարավորությունից կօգտվեն եւ շատ լավ կլինի, որ մեր մեկնելուց հետո կապը պահպանեն»:
Կարդացեք նաև
Ասուլիսի ընթացքում բանախոսները իրենց ստորագրությունը դրեցին խորհրդանշական ֆուտբոլի գնդակի վրա, իսկ ավարտին Ձոլան անակնկալ էր պատրաստել։ Նա այդ գնդակը պետք է նվիրեր ասուլիսի մասնակից լրագրողներից մեկին։ Սակայն անձնական պատասխանատվություն չստանձնելով՝ նա մեջքով շրջվեց դեպի լրագրողները եւ գնդակը նետեց։ Մրցանակը բաժին հասավ Aravot.am-ի մեկնաբանին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ