Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հանդիպում են Գորիս համայնքի բնակավայրերում ապրողների հետ՝ ծանոթանալով գյուղերում առկա խնդիրներին։ Երկուշաբթի նրանք սահմանամերձ Շուռնուխ, Բարձրավան եւ Որոտան գյուղերում էին։
Որոտանում՝ բնակիչները մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներին առաջարկեցին հանդիպումից հետո քայլել գյուղում՝ նաեւ այդպես ծանոթացնելով առկա խնդիրներին։ Վերջիններս՝ չմերժեցին՝ ասելով, որ բոլոր գյուղերում հենց այդպես էլ անում են։
Սակայն, երբ նրանք պատրաստվում էին քայլել, հանկարծ ուժգին քամի ու անձրեւ սկսեց։ Որոտանցիները ստիպված էին Առուշ Առուշանյանին գյուղի այգիների հետ կապված խնդիրը ներկայացնել տեղում՝ պաստպարվելով անձրեւից։
Կարդացեք նաև
«Այս տարի դեռ այսպես ուժեղ անձրեւ չէր եկել․ կամ իշխանավորների բախտից է, կամ մեր։ Գոնե այգիները ջրվեց»,-նկատեց որոտանցիներից մեկը։
Ի դեպ, Որոտանն այս պահին ոռոգման ցանցի խնդիր ունի, որը, սակայն, առաջիկայում կլուծվի։
Որոտանի, ինչպես նաեւ Գորիս համայնքի բնակավայրերի խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ