44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ երեկ Լաչինում Արցախին եւ Հայաստանին ուղղված Ալիեւի սպառնալից հայտարարությունների մասին, հիշեցրեց․ «Տեսեք ուր հասանք։ Ներսի թշնամին օրերս նաեւ հայտարարել է, թե Սյունիքում մեծացած սերունդները չեն իմացել, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Այսինքն, այդպես անցավ, այսպես ասած, հաջորդ օբյեկտին։
Այսօր շատ են խոսակցությունները, որ նա անկլավներ կոչվածն է հանձնում։ Եթե թույլ տանք, հանձնելու է։ Իսկ այդ դեպքում ոչ միայն Գորիս-Կապանը, այլեւ մյուս բոլոր միջպետական ճանապարհները հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Իսկ Սյունիքը նույն հաջողությամբ նորից նվիրելու է։ Ու այդ ժամանակ հետաքրքիր է, թե մենք ինչ ենք անելու Երեւանում։ Օդային ճանապարհը, գիտենք, մասամբ սահմանափակված է ՆԵՄԵՍԻՍ-ի հուշարձանի հետ կապված։ Մենք ի՞նչ ենք մտածում։
Ասեմ նաեւ, որ սրանք շատ լավ բեմադրեցին երկու օր առաջ նորից մեր տղաների իբր մոլորվելը եւ ադրբեջանական կողմում հայտնվելը։ Նիկոլ-Ալիեւ տանդեմը մտածում էր, թե ոնց ազատի այստեղ հայտնված մարդասպան ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց սկզբում ներկայացնում էին որպես խեղճուկրակ մոլորված զինվորներ, որոնցից մեկը «միամիտ-միամիտ» անմեղ տեղը մարդ էր սպանել։ Եվ որպեսզի հիմա կարողանան իրականացնել փոխանակումը, որպես մսացու օգտագործում են մեր տղաներին։
Երբ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցիները ներթափանցել են մեր տարածք եւ առեւանգել են մեր տղաներին, հարց է առաջանում․ ՊՆ, ԱԱԾ, Սահմանապահ զորքեր, որտե՞ղ եք, ա-ու-ու-ու։ Ինչո՞վ եք զբաղված, եթե Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքում ինչ ուզում անում է։ Խայտառակություն է»։
Կարդացեք նաև
Տիկին Մելիքյանը նաեւ շատերին հետաքրքրող երկու հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանին։ «Եթե նախկինները հանձնել էին Արցախը, ապա ինչո՞ւ էիր դու մեր տղաներին ուղարկում Արցախ։ Ինչո՞ւ հինգ հազար երեխայի, հնչեցվում է նաեւ տասը հազար թիվը, ինչո՞ւ մեր ոսկե սերունդը, դու ուղարկեցիր զոհվելու հանուն մի տարածքի, որը «հանձնված» էր, մերը չէր։ Այստեղ հանցակազմ կա, որ դու գործել ես։ Իսկ հիմա հակառակը․ փաստորեն չեն հանձնել ու դու ես այսօր հանձնում։ Բա եթե դու հանձնում ես՝ դեմ գնալով մեր Սահմանադրությանը, որով Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, այդ դեպքում դու էլի պետական դավաճանություն ես թույլ տալիս։։ Հետեւաբար, ցանկացած դեպքում դա հանցագործություն է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ