«Այս փուլում ունենք բարեփոխումների հետ կապված դրական արձանագրումներ»,- պնդում է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը՝ չհամաձայնելով լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը բարեփոխումներից հետո ավելի շատ է աղմկահարույց դեպքերում հայտնվել:
Լրագրողների հետ զրույցում այսօր Ֆիդանյանը նաեւ պատասխանեց հարցին, թե Ոստիկանությունը շարունակո՞ւմ է մնալ ապաքաղաքական կառույց՝ հաշվի առնելով, որ երեկ Սարդարապատի մատույցներում ոստիկանը քաղաքացուն համոզում էր՝ «Նիկոլը բոլորինս է», Ըստ Արա Ֆիդանյանի՝ «Մասնավոր դեպքի հետ կապված այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ նման բան կա»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հաշվի առնո՞ւմ են հանրային միջոցառումների ժամանակ կարմիր բերետավորների վերաբերյալ տացվող բողոքները, ըստ որոնց՝ նրանց մասնակցությամբ միշտ լինում են քաշքշուկներ, բռնությունր: Ի պատասխան Ֆիդանյանն ասաց. «Իսկ ովքեր են բողոքողները, այն անձինք, որոնք ցուցաբերել են օրինապա՞հ վարքագիծ: Արդյոք այն անձը, որ ցուցաբերել է օրինապահ վարքագիծ, ինքը բողոքում է»: Նա նշեց, որ ոստիկանի կողմից առերեւույթ իրավախախտման կամ հանցագործության դեպքերի դեպքում համապատասխան գործընթացներ են իրականացվում: Ըստ նրա՝ 2022-ին 45 անձ ազատվել է համակարգից: Նա չկարողացավ ասել, թե Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին քաշքշելու դեպքով քանի ոստիկան է ազատվել համակարգից:
Հարց հնչեց նաեւ, թե ինչով է պայմանավորված Եռաբլուրում զոհվածների ծնողներին քաշքշելու դեպքերով վարչական դատարանում գտնվող գործերով, ոստիկանության ներկայացուցչի՝ դատական նիստերին չմասնակցելը՝ որպես բողոքաբեր կողմ, ու դատարանի կողմից ոստիկանության այդ բողոքները մերժելը: Ի պատասխան Ֆիդանյանն ասաց. «Գրեթե բոլոր դեպքերով Ոստիկանությունը ապահովում է մասնակցություն: Չեմ կարող ասել՝ ինչու այդ պահին ներկա չեն եղել»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ոստիկանական ինչ ռեսուրսներ ենք ծախսում Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու համար՝ հաշվի առնելով, որ նրա հետեւից 3-4 ավտոբուս ոստիկան է գնում:
«Մենք իրականացնում ենք հասարակական կարգի ապահովում, շնորհակալություն: Ռեսուրսների առումով, որքան անհրաժեշտ է ռեսուրս, ծախսում ենք բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրականացնել հասարակական կարգի, անվտանգության ապահովում»,- պատասխանեց Ֆիդանյանը:
Լրագրողի հարցին՝ ինչու Հանրապետության հրապարակում են ավտոբուսներով ոստիկանները, ոչ թե օրինակ Գարեգին Նժդեհի հրապարակում, ինչ որ բա՞ն է Հանրապետության հրապարակում կատարվելու, Ֆիդանյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչու չեք ասում, թե նոյեմբերի 9-ին ինչու այնտեղ չկային ոստիկաններ, դուք սպասո՞ւմ էիք որ հրապարակում ինչ-որ բան է տեղի ունենալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ