Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե, ըստ պատգամավորի, միջին վիճակագրական քեֆերին թմրանյութ են օգտագործում, թեթեւ, միջին, այդպես բարձրանում, բարձրանում է մինչեւ 2.7 տոննա կոկաինի ի հայտ գալուն»․ Խաչատրյան

Մայիս 29,2023 20:22

«Այն, ինչ ասաց պարոն Քոչարյանը, ավելի մեծ քննադատություն ոստիկանության հասցեին, ես չէի պատկերացնում։ Ասում է՝ վեց ոստիկաններ աչքերը փակեցին խախտման դեմ, միայն մեկը կանգնեցրեց։ Յոթից՝ վեցը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, իրավունք չունի ուսադիր կրել»,-այսօր Ազգային Ժողովի  պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսպես արձագանքեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ պարեկներին ստուգելու մասին պատմությանը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ,  ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց Խաչատրյանին՝ աղավաղում եք իմ ասածը։ Խաչատրյանը նորից կրկնեց՝ դուք եք ասում վեց հոգու մոտով անցաք, ոչ մեկը չկանգնեցրեց։

Քոչարյանը փորձեց հերքել, հորդորեց տեսաձայնագրությունը հետ տալ, նորից նայել։

Ապա կրքերը թեթեւ բորբոքվեցին, երկուսը միաժամանակ խոսում էին, մեկը մյուսին պատասխանում, այդ ընթացքում երկուսն էլ իրենց ձայնը բարձրացնում։

Քոչարյանը Խաչատրյանին ասաց՝ մի բարձրացրեք ձեր ձայնը։

Խաչատրյանն էլ Քոչարյանին ասաց՝ դուք էլ մի՛ բարձրացրեք։

«Ձեր վրա ոչ մեկը ձայն չի բարձրացրել»,-ասաց Քոչարյանը։

Ապա երկուսն էլ հանդարտվեցին։ Խաչատրյանը շարունակեց՝ դուք անընդհատ ընդհատում եք եւ դուք ասում եք՝ վեց հոգու մոտով անցաք, չկանգնեցրին ․․․

Քոչարյանը միջամտեց՝ դրա համար էլ բոլորը փոխվեցին։

«Էդ բոլորը, որ փոխվեցին՝ նոր ասացիք»,-ասաց Խաչատրյանը։ Անդրանիկ Քոչարյանը նիստում պատգամավորների՝ պարեկներին «փորձության» ենթարկելու մասին միջադեպը պատմելիս չէր նշել, որ ՃՈ աշխատակիցները, որոնք արագությունը գերազանցող պատգամավորների մեքենան չեն կանգնեցրել, փոխվել են։

Ապա Խաչատրյանը  դիմեց ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը, որ հանցագործությունների՝առանձնապես ծանրից մինչեւ թեթեւ, թիվն աճել է, ինչպես նշել է գլխավոր դատախազը։  Ի պատասխան հարցի, Ֆիդանյանն ասաց՝ կա հանցագործությունների աճ, կա նաեւ բացահայտումների աճ․ «Չունենք չբացահայտված սպանության գեթ մեկ դեպք։ Անձնական ունեցվածքի դեմ ուղղված հանցագործությունների առումով ունենք նվազում»։

Արթուր Խաչատրյանը նաեւ հետաքրքրվեց թմրամոլության աճի դեպքերով, հարցրեց՝ ինչ է անում ոստիկանությունը, որպեսզի նաեւ ազդի հանրային գիտակցության վրա։

Ֆիդանյանն այս առնչությամբ պատասխանեց՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման առումով դրական է իրավիճակը։ Նա նաեւ հավելեց, որ հանրային արշավներ են կազմակերպում, սակայն միայն ոստիկանության ներգրավվածությամբ դա արդյունք չի տա։

«Որքան էլ ջանք թափեք, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարի, ներկայումս ՔՊ պատգամավորի մի հայտարարությունը՝ որ յուրաքանչյուր միջին  վիճակագրական խնջույք առանց թմրամիջոցի չի անցնում, կարող է էապես վնասել ձեր ամբողջ աշխատանքը։ Հասկանում ենք․ չէ՞, որ եթե սկսում են թեթեւ թմրամիջոցներից,  եթե միջին վիճակագրական քեֆերին թմրանյութ են օգտագործում, թեթեւ, միջին, չգիտեմ,  դա էլ այդպես բարձրանում, բարձրանում է մինչեւ 2.7 տոննա կոկաինի (իրականում ԱԱԾ-ն հայտնել է 1 տոննա կոկաինի մասին, Ն․Բ․) ի հայտ գալը, որը գալիս էր Հայաստան, եւ ես չգիտեմ՝ դա գալիս էր Հայաստանում սպառվելու համար, թե՝ տրանզիտ էր»։

Խաչատրյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ ոստիկանությանը քիչ են դատի տալիս, ինչպես ավելի վաղ ասել էր Ֆիդանյանը, արդյոք մարդիկ դատի են տալիս, արդյունք չի լինում, էլ գլուխ չեն դնում։  Այս առնչությամբ էլ ՆԳՆ ներկայացուցիչն ասաց՝  դատարանն է որոշում որքանով է ոստիկանի գործողությունը եղել իրավաչափ, որքանով՝ ոչ․ «Խոսքը հիմնականում վարչական արձանագրությունների դեմ բերված բողոքներին է ուղղված։ Այս պարագայում պարեկները վարչական  արձանագրությունները կազմում են համակարգչի միջոցով, հնարավորինս բացառվում է տեխնիկական թերությունը, որը նախկինում կարող էր լինել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031