Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից «Միլանի» մանկապատանեկան ճամբարը, որտեղ մինչեւ հունիսի 7-ը աշխարհի լավագույն մարզիչների ղեկավարությամբ կմարզվեն Հայաստանի մարզերի 160 պատանիներ եւ աղջնակներ:
«Այսօր խփենք վաղվա գոլը միասին» խորագիրը կրող բարեգործական այս ծրագիրը նախաձեռնել է «Ամերիաբանկը», որին միացել են մեր երկրում ճանաչված առաջատար ապրանքանիշեր «Team Telecom Armenia»-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Տաշիր» ընկերությունների խումբը:
Ավելի քան տասն օր պատանի ֆուտբոլիստների հետ կաշխատեն «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Ձոլան եւ «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող եւ կազմակերպիչ Լուկա Ամադեսին:
Ճամբարի առիթով Երեւանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում հրավիրված մամուլի ասուլիսում «Ամերիաբանկի» մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանն ասաց, որ սա շանս է մարզերում ֆուտբոլը սիրող պատանիների համար, որոնք երազում են, որ մի օր իրենք էլ են հայտնվելու համաշխարհային ֆուտբոլային դաշտերում: Նաեւ լիակատար բավարարվածություն արտահայտեց երեխաների երջանիկ աչքերը տեսնելուց, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին «Միլանի» ամենահայտնի մարզիչներին: «Ճամբարի կազմակերպումը մեր համար խորհրդանշական է, որովհետեւ ֆուտբոլն այն մարզաձեւն է, որը միավորում է բազմամիլիոն մարդկանց: Ու պատահական չէ, որ այս նախագծի շուրջ միավորվել են նաեւ Հայաստանի առաջատար բրենդները»:
Կարդացեք նաև
«Team Telecom Armenia»-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց, որ իրենք լինելով նաեւ ՀՖՖ գործընկերը՝ շատ կարեւորում են Հայաստանում ֆուտբոլի զարգացումը եւ այս նախագիծն ամբողջապես համապատասխանում է իրենց նպատակներին: «Կարծրատիպ կա, թե մենք ի վիճակի չենք հաջողության հասնել թիմային մարզաձեւերում: Մենք ուզում ենք կոտրել այդ կարծրատիպը եւ վստահ ենք, որ թիմային մարզաձեւերում եւս հասնելու ենք մեծ հաջողությունների: Եվ սա եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ:
Պարտադիր չէ, որ ճամբարին մասնակցող բոլոր երեխաները դառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Սակայն այստեղ նրանք կարող են իրենց համար քաղել շատ կարեւոր բաներ: Այս փորձը նրանց կտա մեծ ինքնավստահություն, ինչը կկարողանան օգտագործել հետագա կյանքում»:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն իր խոսքում նշեց. «Հայաստանի խոշորագույն հարկատու ԶՊՄԿ-ն այս մեծ նախագծից չէր կարող մի կողմ քաշված լինել: Մեր ընկերությունը ժամանակավոր դեռ առաջին լիգայում հանդես եկող «Սյունիք» ՖԱ սեփականատերն է: Այս նախագիծը իր փիլիսոփայությամբ սկզբունքորեն համընկնում է մեր ընկերության սկզբունքներին: Ծրագրին մասնակցում ենք մեծ ուրախությամբ եւ հավատում, որ հայկական ֆուտբոլը գոնե եվրոպական ֆուտբոլին լուրջ ու հավասար մրցակից կդառնա:
Սա հնարավորություն է բոլոր երեխաների համար, այս պահի դրությամբ՝ փոքրիկ պատուհան: Եվ վստահ ենք, որ մասնակից երեխաներից գոնե մեկի համար այս ճամբարը կդառնա դուռ եւ ինքն այդ դռնով դուրս կգա եվրոպական ֆուտբոլ»:
Իսկ «Տաշիր» ընկերությունների խումբ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հավելեց. « Դեռ 2018 թվականին հիմնելով «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն՝ մենք զբաղվում ենք Հայաստանում ֆուտբոլը զարգացնելով: Մենք նույնպես շատ ուրախ ենք, որ մասնակիցն ենք այս նախաձեռնության: Ցանկալի կլիներ, որ այս 160 երեխաներից մի քանիսը կարողանան դրսում խաղալ, միջազգային փորձ ձեռք բերել: Այլ կերպ ասած, այս ընթացքում խփեն վաղվա իրենց ամենակարեւոր գոլը:
Ցանկալի է նաեւ, որ նման միջոցառումները շատ լինեն: Սա աննախադեպ էր Հայաստանի ֆուտբոլի համար: Մենք միշտ ուրախ կլինենք նմանատիպ միջոցառումներին մասնակից եւ աջակից դառնալու համար: Եվս մեկ անգամ շնորհակալություն կազմակերպիչներին: Մենք մեծ սիրով կսպասենք արդյունքներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ