Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը. Վահե Հովհաննիսյան 

Մայիս 29,2023 18:18

Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել, եւ դա տվել է իր արդյունքները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տեղի է ունեցել տնտեսական աճերի էական դանդաղում: Հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել է գնաճային մեծ միջավայր, որը նաեւ իր ազդեցությունն է ունեցել Հայաստանում գնաճի վրա, թեեւ տարեվերջին գնաճային ճնշումները պակասել են: Պղնձի գնի միջին գները 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին նվազել են 5,3 տոկոսով, մոլիբդենի գներն աճել են 27,4 տոկոսով, նավթի տարեկան գներն աճել են 41,7 տոկոսով, իսկ պարենինը` 14,3 տոկոսով: Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում ՌԴ-ից նկատվել է մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսք: Նախարարի խոսքով էականորեն ավելացել է դեպի ՌԴ արտահանման ծավալը, այստեղ մեծ մասնաբաժին ունի վերաարտահանման չափը:

Զբոսաշրջիկների քանակը 2022 թվականին հասել է 1 մլն 666 հազար մարդու, որից ՌԴ-ից՝ 790 հազար: Ավելացել է նաեւ այն զբոսաշրջիկների թիվը, որոնք ժամանել են այլ երկրներից: 2021 թվականին 2,9 անգամ աճել են զուտ դրամական փոխանցումները, ինչը պայմանավորված է ՌԴ-ից դրամական փոխանցումների շուրջ 6,8 անգամ ավելացումով:

«Արդյունքում, եթե մենք տարեսկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետեւ տարվա ընթացքում բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տոկոս, մենք ունենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմել է 8 տրիլիոն 497 մլրդ դրամ»,- ասել է նախարարը:

Տնտեսական աճի ավելացմանը հիմնականում նպաստել են ծառայությունները, թեեւ շինարարությունը նույնպես զգալի ազդեցություն է ունեցել:

12-ամսյա գնաճը կազմել է 8,3 տոկոս, միջին գնաճը՝ 8,6 տոկոս:

Հաշվետու տարում Կենտրոնական բանկը 3 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը նաեւ իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պարտքի տոկոսադրույքների վրա:

Դրամն արժեւորվել է դոլարի նկատմամբ: «Նկատում ենք նաեւ վարկերի եւ ավանդների ծավալի աճ նույնիսկ այն դեպքում, երբ չեզոքացնում ենք դրամի արժեւորման գործոնը, թեեւ վարկերի աճը հիմնականում նկատվում է հիպոտեկային վարկերի մասով: Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալները բավականին ավելացել են: Մեզ համար ուրախալի է, որ պահանջարկը շուրջ կրկնակի գերազանցում է տեղաբաշխման ցուցանիշները»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

2,5 տոկոսային կետով նվազել է գործազրկության մակարդակը, իսկ իրական աշխատավարձի չափն աճել է 6,3 տոկոսով: Պետական հատվածում միջին աշխատավարձի չափը կազմել է 186 հազար դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 256 հազար դրամ:

Ապրանքների արտահանման ծավալներն աճել են 68,5, ներմուծումը` 58,3 տոկոսով: Աննախադեպ բարձր աճ են կազմել օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Նախարարը ներկայացրել է այլ ցուցանիշներ եւս:

2022 թվականի բյուջեն կատարվել է 179,5 մլրդ դրամ պակասուրդով` ծրագրված 22,9 մլրդ դրամի փոխարեն:

Արցախին տրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել պլանավորվածից:

Պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 186 մլրդ դրամ: Մի շարք հանգամանքներով պայմանավորված` նվազել են ընթացիկ ծախսերը, աճել` եկամուտները:

Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Ֆինանսների նախարարության տարեկան պլանը հաշվետու տարում կազմում էր 217 մլրդ դրամ, այնուհետեւ ճշտված պլանը կազմել է 202 մլրդ դրամ, կատարողականը` 201,6 մլրդ դրամ կամ 99,7 տոկոս:

Նախարարությունն իրականացրել է 4 ծրագիր:

Փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Ըստ նրա` աշխարհաքաղաքական մարտահրավերներով ու տնտեսական անորոշություններով ուղեկցվող 2022 թվականին համաշարհային տնտեսությունում, այդ թվում` նաեւ ՀՀ գործընկեր երկրներում արձանագրվել է տնտեսական աճի դանդաղում: Այդուհանդերձ, գործընկեր երկրներում տնտեսական խնդիրներին զուգահեռ Հայաստանի տնտեսությունում 2022 թվականին արձանագրվել են զգալի դրական զարգացումներ` մեծամասամբ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների աշխատուժի, ընկերությունների եւ ֆինանսական կապիտալի էական ներհոսքով. «Արդյունքում 2022 թվականին մեր երկրում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 12,6 տոկոս»,- ընդգծել է ԿԲ ներկայացուցիչը:

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` զեկուցողը նշել է. «Տնտեսական աճի` սպասվածից բարձր մակարդակի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2022 թվականին ուղղված է եղել սահուն կոնսոլիդացիայի շարունակականության ապահովմանը` առաջնորդվելով պարտքի կայունության սկզբունքով»:

Հովհաննես Խաչատրյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գնաճին: Նշվել է, որ տարեվերջյան 8,3 տոկոս գնաճի պայմաններում այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 3,2 տոկոս:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է ՀՊ-ի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Նա ընդգծել է, որ եզրակացությունը ձեւավորվել է ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքում: Նշվել է, որ բոլոր ֆինանսական հաշվետվությունները զերծ են էական խեղաթյուրումներից կամ բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում: Այդուամենայնիվ, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 10 գերատեսչություններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրվել են 113 անհամապատասխանություններ, որոնց մի մասը պետական մարմիններում հանգեցրել է 18 խեղաթյուրումների. «Խեղաթյուրումների չափը, որը կազմել է բյուջեի ծախսային մասի 0,11 տոկոսը, էական չի համարվել եւ հետեւաբար չի ազդել բյուջեի հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքի վրա»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031