Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետության Աժ-ն անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը»

Մայիս 29,2023 18:45

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031