Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարեկները չեն ենթարկվել պատգամավորների ճնշումներին, արագությունը գերազանցելու համար ակտ են կազմել

Մայիս 29,2023 18:35

Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մի շարք հարցեր բարձրացրեց պարեկային ծառայության մասին։ Նա հետաքրքրվեց, թե որ փուլում է երկու պարեկների աղմկահարույց գործողությունների քննությունը, որոնցից մեկը, ինչպես ասաց Նազարյանը՝ կացինը ձեռքին առերեւույթ հանցագործի էր սպանել կրակելով, մյուսը՝ բնակարանային գողություն էր արել։ «Վերլուծվե՞լ է, թե ինչպես են նման մարդիկ հայտնվել պարեկային ծառայությունում։ Չե՞ք կարծում, որ պարեկային ծառայության աշխատակիցների կազմավորման փուլում ճիշտ կլինի, որ նրանք, ովքեր ուզում են պարեկ աշխատել ոչ թե հինգ ամիս, այլ գոնե երկու տարի սովորեն, մեկուկես տարի սովորեն, կես տարի պրակտիկա անցնեն, նոր մտնեն աշխատանքի,-հարցրեց պատգամավորը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ի պատասխան ասաց՝ պարեկային ծառայությունն այսօր մեր համակարգում հեղափոխություն է արել․ «Հատկապես մարզերում, գյուղերում բավականին դրական ազդակներ ենք ստանում։ Մի օրինակ բերեմ՝ այս տարվա երեք ամսվա տվյալներով՝ պարեկային ծառայության կողմից արձանագրվել է կաշառք առաջարկելու 18 դեպք։ Քսան տարի ծառայելով ոստիկանական համակարգում ես երբեւէ չեմ տեսել ճանապարհային ոստիկանության կողմից նման դեպք արձանագրվի։ Որպես ՀՀ ոստիկանապետ բազմիցս հանդիպումներ եմ կազմակերպել ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ, մտերմիկ զրուցել, խնդրել, հորդորել, օրինակ բերել պարեկներին, ոչ մի դրական արդյունք չենք ունեցել»։

Ղազարյանն ասաց, որ ծառայությունը նոր է ստեղծվել, կան խնդիրներ, որոնցից գլխավորը բարեվարքությունն է։ ՆԳ նախարարն ասաց, որ արդեն սկսել են լրացուցիչ դասընթացներ անցկացնել հատկապես բարեվարքության հետ կապված․«Մենք շատ լավ հարաբերության մեջ ենք Վրաստանի գործընկերների հետ, даже կարելի ա ասած` բարեկամական հարաբերություններ, պարբերաբար քննարկումներ են եղել: Վրաստանի ներքին գործերի նախարարը մի անգամ ակնարկ արեց, ասաց՝ երբեք չմտահոգվեք, որ կարող է ձեր մոտ վատ լինի կամ ավելի վատ լինի։ Ասաց՝ երբ մենք ստեղծեցինք պարեկային ծառայությունը Վրաստանում, դրանից հետո անձնակազմի 80%-ը փոխել ենք։ Հիմա նոր ստեղծված ծառայություն է, կարա լինի, ունենք դեպքեր, ունենք դեպքեր, որ դեռ չեն բացահայտվել։ Խնդիր եմ դրել, որ ի հայտ բերեն արատավոր երեւույթները»։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ գովեց պարեկներին, պատմեց, որ մի անգամ մի քանի պատգամավորներով փորձել են ստուգել պարեկներին․«Մեքենայի ղեկին Մաթեւոս Ասատրյանն էր, մեծ արագությամբ մտանք Երեւան, այդպես էր ծրագրված։ Ճանապարհին հին ճանապարհային ոստիկանության որեւէ հաշվարկ մեզ չկանգնեցրեց, ասին՝ շառից-փորձանքից հեռու։ Հենց մտանք Երեւան՝ պարեկային մեքենան եկավ մի հատ մեր դեմը փակեց։ Ես դեմքս նենց փակցի, որ գոնե չճանաչեն, հանրային դեմք եմ։ Իջան պատգամավորները, թե՝ հեսա կզանգենք եւ այլն։ Ոչ մի բան, ասացին՝ ձեզ հարգում ենք, բայց հեսա՝ խախտման արձանագրումը։ Ես խնդրել եմ լեյտենանտին խրախուսել»։

Ղազարյանն էլ հավելեց, որ այս տարի Վերջին զանգի օրը ճանապարհատրանսպորտային որեւէ լուրջ պատահար չի եղել։ Պարեկային ծառայության նորանշանակ ղեկավարը առաջարկեց, ասաց՝ դեմ կլինե՞ք, եթե ինչքան տրանսպորտային միջոց ենք բերել հատուկ պահպանվող տարածք անչափահասների կողմից վարելու հետ կապված, ոչ մեկին վարչական պատասխանատվության չենթարկենք, այլ նվեր անենք շրջանավարտներին։ 95 նման տրանսպորտային միջոց կար։ Որոշեցինք նվեր անել։ Չգիտեմ՝ հիմա վաղը, մյուս օրը լրագրողները սրա համար մեզ կքննադատեն, թե՞ ոչ»։

Քոչարյանը հավելեց․ «Մի հատ ցուցանիշ էլ կա՝ նման «լիցենզիա» ունեցող շատ զավակներ, իրենց ծնողների եւ իշխանավորների կողմից ստացող էդ «լիցենզիան» այլեւս չունեն, շատերը լքել են մեր պետական սահմանները եւ նրանց զավակները ճոխ մեքենաներով, հանած համարներով այլեւս երթեւեկելու իրավասություն չունեն»։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ համամիտ է, ասաց՝ պարեկների աշխատանքը արմատական փոփոխություն է արել հատկապես մայրուղիներում եւ միջգյուղական ճանապարհներին․ «Հարբած վիճակում ավտոմեքենա վարելու թիվը զգալիորեն նվազել է»։

Ինչ վերաբերում է Նազարյանի նշած երկու պարեկների արարքներին, ապա ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ասաց՝ քննությունը շարունակվում է․ «Մենք սովոր ենք եղել, որ ոստիկանը երբեք չպետք է զենք կիրառի, այնինչ հստակ սահմանված են դեպքերը երբ կարող են կիրառել։ Հստակ պատկեր կլինի քննության ավարտից հետո, սակայն միշտ չէ, որ ոստիկանի զենք կիրառելը պետք է բացասական դիտարկենք»։

Բացի այս՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը նաեւ հետաքրքրվել էր թե 44-օրյա պատերազմի ժամանակ քանի ոստիկան է զոհվել, քանիսը հաշմանդամություն ստացել, նրանց ընտանիքներին արդյոք անդադար աջակցություն, այդ թվում՝ ոչ միայն ֆինանսական, ցուցաբերում են, թե՞ ոչ։ Վահե Ղազարյանն ի պատասխան ասաց՝ 71 ոստիկան է զոհվել պատերազմում, նաեւ վստահեցրեց, որ նրանց ընտանիքները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031