Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիշերը լույսերը վառում ենք, որ թուրքն իմանա բնակելի տները շատ են, թե մեջն ինչքան մարդ կա, դա ջհանդամ»․ կյանքը Ուժանիսում եւ Կաղնուտում

Մայիս 29,2023 18:09

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում գտնվող Ուժանիս գյուղի ամենանպաստավոր բարձունքն օկուպացված է ադրբեջանցիների կողմից, գյուղը նշանառության տակ է։

Ուժանիսի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանն ասում է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզ, Ուժանիս գյուղը եւս տարածքային կորուստներ է ունեցել։ Գյուղի հողերից 50 հեկտարն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Սասուն Սարգսյանի խոսքով՝ դրանից ընդհանուր գյուղն է տուժել, իսկ բնակիչներից մոտ 10 հոգի զրկվել են իրենց հողերից։ «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ունենք հողակտորներ, որ վիճելի են դարձել, դրանց մի մասի վրա նստած են Ադրբեջանի զորքերը։ Գյուղի տարածքը փոքրացավ, խնդիրները սկսեցին շատանալ»,- ասաց նա։

Ուժանիսն ունի 26 տնտեսություն՝ 56 մարդ, գյուղացիները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ։ Գյուղը մոտ 20 տարի է՝ չունի դպրոց ու մանկապարտեզ, Ուժանիսում հիմնականում ծերեր են ապրում։ Գյուղի երեխաներին անվտանգային, ուսման ու այլ պայմաններից ելնելով՝ ծնողները տեղափոխել են Կապան։ Ովքեր Կապանում տուն չունեն, վարձակալությամբ են բնակվում, ասում է Ուժանիսի վարչական ղեկավարը։

Սասուն Սարգսյանը միաժամանակ հավելում է, որ նպատակ ունի գյուղացիներին գյուղ վերադարձնել։ «Ինձ թվում է՝ գյուղացիները կգան, կաշխատեն, կարարեն։ Բնականաբար, ուզում եմ, որ նրանք գյուղ գան, սա է մեր տունը, սրանք են մեր հողերը։ Եթե մերն է, ուրեմն այստեղ էլ պետք է կանգնենք, եւ բարգավաճում պետք է լինի»,- նշում է նա։

Թեպետ Ուժանիս գյուղը հակառակորդի դիտարկման տակ է, Սասուն Սարգսյանի խոսքով, կրակոցներ չկան, համեմատաբար հանգիստ է։ «Ընդհանուր Հայաստանն է այսօր նշանառության տակ, ոչ միայն մեր գյուղը։ Ուղղակի պետք է զգույշ ու աչալուրջ լինել, չթողնել, որ գոնե այս եղած սահմանը նորից փոփոխվի։ Դեռ ավելին, այս սահմանը պետք է փոխվի ի նպաստ մեզ»,- հավելում է համայնքի ղեկավարը։

Ուժանիսի բնակչուհի Ռոզա Օվշյանն ասում է, որ տնից դուրս չի գալիս, վախենում է։ Նա տարվա մի մասը բնակվում է գյուղում, իսկ ձմռան ամիսներին՝ Կապանում։ «Մարդիկ վախով են ապրում Ուժանիսում։ Ես ավելի շատ վախենում եմ մեր գյուղից գնացած ադրբեջանցիներից, իրենք ամեն ինչի տեղը գիտեն, հայերեն մեզանից լավ էին խոսում, տեղանքին լավ ծանոթ են։ Ես ադրբեջանցիների հետ համակեցություն չեմ պատկերացնում, բայց խաղաղություն պետք է մեզ»,- ասում է նա։

Գյուղի բնակչուհի Մարիետա Մարտիրոսյանն էլ հավելում է․ «Ահ ու սարսափով ապրում ենք՝ ամեն օր մտածելով, որ թուրքը կարող է մտնել գյուղ, էս եղած ժողովրդին էլ կոտորել ու գնալ։ Մի քանի զինվորներ են գնում «պոստ»՝ գալիս, չորսբոլորը անտառ է։ Թուրքն անտառներով կարող է ներթափանցել գյուղ։ Լուծումն այն է, որ խաղաղություն լինի, իրար հետ հաշտվեն, բայց ես չեմ պատկերացնում հաշտություն»։

Ուժանիսում չկա ոռոգման ջուր, իսկ խմելու ջուրը մարդիկ աղբյուրից են տանում, որը գրեթե ցամաք է։ «Ասում են՝ իբր ծրագիր կա, իբր պետք է ջուր քաշեն։ Խմելու ջուր եղել է, բայց այս տարի ահագին պակասել է, անտառներից շատ քիչ ջուր է գալիս։ Այսքան ծախսեր է արել պետությունը, արեւային կայաններ է տեղադրել գյուղերում, բայց մեր գյուղում 3-4 ընտանիք է կարողանում դրանից օգտվել, որովհետեւ ջուր չկա, որ դրանից օգտվեն»,- ասում է Մարիետա Մարտիրոսյանը։

Կապանի մեկ այլ սահմանամերձ գյուղի՝ Կաղնուտի ճանապարհը խիստ անբարեկարգ է։ «Եթե 100 մարդ այստեղ մահանա, ճանապարհը սարքող չկա»,- ասում է գյուղի տարեց բնակիչ Գրիշա Թամրազյանը։ Հարցին, թե դիմե՞լ են կառավարությանը, նա պատասխանում է․ «Եթե վարչապետը մեր գյուղի տեղն իմանա, մենք շատ գոհ կլինենք։ Վարչապետը պարտավոր է իմանալ՝ Կաղնուտը, Դավիթ Բեկը, Արծվանիկը որտե՞ղ են, սահմանի վրա ի՞նչ գյուղեր կան, վիճակն ինչպե՞ս է։ Մենք գիշերը տան լույսերը վառում ենք, որ թուրքն իմանա լույսերը շատ են։ Թե միջի բնակչությունն ինչքան է, դա ջհանդամ իմանա, բայց հեռվից գոնե երեւում է, որ լույսեր կան։ Փառք Աստծո, Կապանի քաղաքապետը մեր լուսավորության համար լավ գործ է արել։ Ճանապարհը եւս մի քիչ բարելավել է, նախկինում տեխնիկա չէր անցնում այս ճանապարհով, բայց պետք է ասֆալտ լինի»,- ասում է Գրիշա Թամրազյանը։

Կաղնուտ գյուղի 53-ամյա վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը կատակում է՝ «Գյուղում տարեցներն են մնացել, ամենաջահելը ես եմ»։ Կաղնուտ գյուղում կա 105 տուն, բայց բնակիչների 30 տոկոսն է ապրում գյուղում՝ մոտ 40 մարդ։ Ձմռանը հիմնական բնակիչները 20 ընտանիք են կազմում, իսկ գարնանը շատանում են։ 44-օրյա պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվը չի նվազել։ Մարդիկ այգեգործությամբ, դաշտավարությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, բայց անվտանգային հարցերը նրանց մտահոգում են։

Կաղնուտ գյուղը եւս չունի դպրոց ու մանկապարտեզ, համայնքի ղեկավարի խոսքով՝ դպրոցը փակվել է դեռեւս 1988 թվականից։ Երեխաները Կապանում են հաճախում դպրոց։

Կաղնուտ գյուղի բնակիչ Վերժինե Հարությունյանն ասում է․ «Մեր ուզածը խաղաղություն, ջուր ու լավ ճանապարհներ ունենալն է։ Հետո ուզում ենք, որ մեր սահմանները լավ հսկեն, որ մենք հանգիստ քնենք։ Օրինակ՝ տղաները գնում հսկում են, տեսնում ենք, ուշադիր են, գիշերն էլ գյուղը հսկում են, բայց ադրբեջանցիների ներթափանցման վտանգ կա։ Հայ ազգը անվախ է, մենք ուժեղ ենք, չենք վախենում ոչ մի բանից, ես չեմ վախենում, մենակ քնում եմ ու արթնանում, բայց դա կապ չունի։ Մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, հայերը հնուց եկած ազգ են, պետք է պայքարեն։ Ադրբեջանցիների հետ նախկինում համակեցություն եղել է, բայց հիմա չեմ կարողանում պատկերացնում, բայց խաղաղություն է պետք մեզ»։

Կաղնուտի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2023-2024 թվականի ծրագրով նախատեսվում է բարեկարգել գյուղ տանող ճանապարհը։


Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանն ասում է, որ սահմանամերձ դարձած գյուղերը համայնքի ուշադրության կենտրոնում են։ Խմելու, ոռոգման ջրի բացակայության ու անբարեկարգ ճանապարհների մասին հարցին անդրադառնալով՝ Կապանի փոխքաղաքապետը տեղեկացրեց․ «Մոտ օրերս կսկսվեն Կաղնուտ գյուղի բնակավայրի ներսի ասֆալտապատման աշխատանքները, իսկ Արծվանիկ-Կաղնուտ ճանապարհահատվածը մեր առաջնային ծրագրերի մեջ է՝ ասֆալտապատման համար։ Բնականաբար, մենք չունենք նման գումարներ, հույս ունենք, որ կարճ ժամանակահատվածում կենտրոնական իշխանության հետ համատեղ իրականացնենք։ Ջրի մասով եւս աշխատանքներն ընթացքի մեջ են, երեւի 2-3 մասից ավարտին կհասցնենք Կաղնուտ բնակավայրի խմելու ջրի հարցի լուծումը, ջրաչափերի միջոցով կաշխատեցնենք խմելու ջրի նոր համակարգ։ Ուժանիսում մոտ 2 շաբաթ առաջ արդեն ունեցանք մրցույթի շահող, ծրագիրը կա, գումարը կա, սուբվենցիաներով կիրականացվեն Ուժանիս գյուղի նոր կոյուղու կառուցման աշխատանքները, կմատակարարվի խմելու ջուր»։

Ըստ Մարատ Հարությունյանի՝ Կապան խոշորացված համայնքի կազմում 38 բնակավայր կա, գյուղեր կան, որտեղ տասնյակ տարիներով ոչինչ չի արվել, դժվար է միանգամից լուծել բոլոր խնդիրները։ «Որը հասցնում ենք, վերանորոգում ենք, որը կարողանում ենք, զրոյից նոր համակարգ ենք ստեղծում։ Շատ տեղերում բավական մեծ ծավալի աշխատանք է գնում»,- հավելեց փոխքաղաքապետը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031