Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրաձորցիների՝ տարիների երազանքը հաստատ իրագործելու ենք»․ Շիրակի մարզպետը՝ նոր գյուղի ու «փրկության ջրամբարի» մասին

Մայիս 29,2023 17:56

10 օր առաջ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցավ Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը։

Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը

Հիմնարկեքի արարողություն, ըստ էության, մի քանի անգամ է տեղի ունեցել՝ դեռ խորհրդային տարիներից, երբ Ջրաձորի բնակիչները ճամպրուկներն են հավաքել նոր գյուղ տեղափոխվելու հույսով, սակայն ո՛չ ջրամբարն է կառուցվել, ո՛չ էլ նոր գյուղը։

Կապսի ջրամբարի կառուցման դեպքում գյուղը տեղահանելու են, այլապես այն կմնա ջրի տակ։

Այժմ մեկնարկել է ծրագիրը։

Ինչպես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ է կառուցվելու, 21-րդ դարի գյուղի մոդել են ներդնելու ու քաղաքաշինական նոր կուլտուրա են բերելու։

Ջրաձորցիները, սակայն, փոքր-ինչ թերահավատ են, նրանք 50 տարի նույն խոստումն են լսում։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը վստահեցնում է՝ կառավարության ծրագիրը հաջողությամբ իրագործվելու է։

«Ես վստահ եմ՝ աշխատանքները պատշաճ կլինեն, և մեր բնակիչներն էլ գոհ կմնան, քայլ առ քայլ, փուլ-փուլ կյանքի կկոչենք նրանց տարիների երազանքը, այն է՝ նոր բնակարաններով, նոր ենթակառուցվածքներով գյուղ ունենալը, դա փաստացի լինելու է»,- ասում է մարզպետը։

Նա որոշակի մանրամասներ ներկայացրեց ծրագրի ընթացքից։

«Դեռևս 80-ական թվականներին նախագծվել է, որոշակի աշխատանքներն են կատարվել, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջնական փուլ չի մտել, կառուցապատումը չի շարունակվել։

Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում․ «Ախուրյան գետ փուլ 1» ծրագրով նախատեսում են վերականգնել և ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Ինչպես նաև նոր գյուղի կառուցմամբ իրականացնել Ջրաձոր գյուղի վերաբնակեցումը»,-ասաց մարզպետը։

Նա նշեց, որ ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով՝ առաջին փուլում ապահովելու են մոտ 19 հազար 400 հեկտար գյուղատնտեսական և մոտ 4600 հեկտար ոռոգելի հողերի ոռոգումը։

«Առաջին փուլի արդյունքում ջրամբարի հզորությունը նախատեսվում է հասցնել 25 միլիոն խորանարդ մետրի, երկրորդ փուլով նախատեսվում է բարձրացնել Կապսի պատվարի մակարդակը և ջրամբարի պահեստավորման հնարավորությունը հասցնել մինչև 60 միլիոն խորանարդ մետրի։

Կառուցվելու են նաև լրացուցիչ խողովակաշարեր և փոխադրման համակարգեր դեպի Թալին, Արմավիրի տարածաշրջան, որը թույլ կտա ոռոգել ևս 7000 հեկտար տարածք։

Այս ծրագրի շրջանակներում վերաբնակեցվելու է Ջրաձորը գյուղն՝ ամբողջությամբ։

Վերաբնակեցման ենթակա ընտանիքների թիվը 74-ն է։ Խոսվել է արդեն այն մասին, որ նոր գյուղը լինելու է ժամանակակից լուծումներով։ Այն ունենալու է գլխավոր հատակագիծ, ներառելու է բնակելի, հանգստի, արտադրական և ուսումնական գոտիներ»,- մանրամասնեց մարզպետը։

Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ գույքագրվել են Ջրաձոր բնակավայրի բոլոր տներն ու շինությունները, ինչպես նաև մեկնարկել են նոր գյուղի նախագծման աշխատանքները։

«Լիահույս եմ՝ մեր հետևողական աշխատանքով կկարողանանք մեր մարզում ունենալ այն կենսական նշանակության ջրամբարը, որը կլինի նաև մեր մարզի ու նաև մյուս մարզերի փրկությունը, հենց այդ բառով եմ ուզում բնութագրել։ Ջրամբարի կառուցումը շատ կարևոր է էկոհամակարգերի՝ Արփի լճի պահպանման, կենսաբազմազանության ավելացման համար»։

Մեր ճշտող հարցին՝ բացի Շիրակի մարզից՝ նաև Արագածոտնի ու Արմավիրի մարզերն են սնվելո՞ւ ջրամբարից, Մուշեղ Մուրադյանը պատասխանեց․ «Այո, այն իր հետ կբերի նոր ճյուղերի զարգացում,անխոս, տուրիստական ուղղությունը կզարգանա, կլինի սիրողական ձկնորսություն։

Տեղանքը չքնաղ է, գրավիչ է, զբոսաշրջությունը հաստատ կզարգանա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031